Հայաստան 

Հայաստանի ու Իսրայելի միջև մաքսային ոլորտում փոխադարձ օգնության մասին համաձայնագիր է ստորագրվել

analitik.am

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակության` Երուսաղեմ այցի շրջանակում նոյեմբերի 26-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իսրայելի պետության կառավարության միջև մաքսային գործերում փոխադարձ օգնության մասին» երկկողմանի միջկառավարական համաձայնագիր, որն իրավական հիմք կապահովի երկու երկրների մաքսային ծառայությունների միջև անմիջական համագործակցության և շփումների համար:

 

Այս մասին հայտնում են ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

 

Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների փոխնախարար Արթուր Աֆրիկյանը և Իսրայելի պետության ֆինանսների փոխնախարար Միկի Լեվին:

 

Փաստաթուղթը հնարավորություն կընձեռի իրականացնել տեղեկատվության անմիջական փոխանակում, համատեղ քայլեր մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեմ պայքարում, կազմակերպել փորձի փոխանակում և համատեղ ուսումնական միջոցառումներ` նպաստելով երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանն ու առևտրային հոսքերի աճին: Ի դեպ, ընթացիկ տարվա առաջին 10 ամիսներին Իսրայելից Հայաստան ներմուծման ցուցանիշը կազմել է 28.7 մլն ԱՄՆ դոլար, արտահանմանը՝ 2.4 մլն: Տեղի են ունեցել նաև երկկողմ հանդիպումներ ստորագրված համաձայնագրի կիրարկման, ինչպես նաև երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության և Իսրայելի պետության կառավարությունների միջև մաքսային ոլորտում փոխադարձ օգնության մասին համաձայնագրի բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել 2012թ. մայիսին, Երուսաղեմում:

 

Իսկ 2014 թվականի նոյեմբերի 10-13-ը Երևանում տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Իսրայելի Պետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հար¬կու¬¬մը բացա¬ռելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիայի նախագծի շուրջ բանակ¬¬ցությունների 2-րդ փուլը: Բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել կոնվենցիայի բոլոր դրույթների շուրջ, ինչի արդյունքում այն նախաստորագրվել է:

Նույն շարքից