Հայաստան Քաղաքական 

Մեր երկրում արդարության պակաս կա: Ձեր ասած փոփոխությունները Հայաստանի գյուղեր չեն հասել. Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Էլի՛ եմ ասում․ Արդարությո՛ւն է պետք։ Մեր երկրում արդարության պակաս կա․․․

Հայաստանում վերջին շրջանում ակտիվորեն և ոգևորված տոնով խոսում ու քննարկում են նախարարների ու պետական համակարգի այլ աշխատակիցների աշխատավարձերի շեշտակի բարձրացման մասին, ուսուցիչների ու զինծառայողների աշխատավարձերի բարձրացման մասին, վարչապետի գերթանկանոց ծառայողական մեքենաների և 50 միլիոն դոլլարանոց նոր օդանավի ձեռքբերման հնարավորության մասին․․․

Եվ այս ամենը հնչում է բարեկեցիկ պետություն կառուցելու համատեքստում, կոռուպցիայի դեմ պայքարի տրամաբանության լույսի ներքո, որ ամեն ինչ արվում է՝ հանուն ավելի լավ Հայաստանի։

․․․Ո՞ր մի ապուշը չէր ցանկանա ապրել այնպիսի երկրում, որի վարչապետի ու նախարարի աշխատավարձը բավարար կլիներ՝ բարեկեցիկ ապրելու համար, իսկ իրենն էլ մի քանի անգամ ավելին, ո՞վ չէր ցանկանա, որ իր երկրի ուսուցչուհին ու զինվորականը լինեին պետության ամենաառաքինի ու հարգված սոցիալական շերտը, ո՞վ չէր ցանկանա, որ իր երկրի ճանապարհները լինեին իդեալական, թոշակառուները ստանային այնքան թոշակ, որ բավարար լիներ նրանց բոլոր հոգսերը հոգալու համար։

Տղե՛րք, իսկ Դուք գիտե՞ք, որ Հայաստանի գյուղերի մեծ մասում, որպես վառելիք, դեռևս օգտագործում են աթարը՝ անասունի թրիքը։

Մարդիկ այլ հնարավորություն չունեն տաքացնելու իրենց տները, իսկ առջևում ձմեռ է։

Մի քանի օր առաջ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում էի և հնարավորություն ունեի մի քանի ժամով խորամուխ լինել գյուղացու հոգսերի մեջ։ Մինչև հիմա այդ մարդկանց հայացքը աչքերիս առաջ է․․․

Դուք տեղյա՞կ եք, որ կյանքը գյուղերում մեռնում է, որ գյուղերին նոր շունչ է պետք՝ այնտեղ կյանքը որակապես ու արմատապես փոխելու համար։

Դուք տեղյա՞կ եք, որ գյուղերը դատարկվում են՝ մի մասը Երևան գալով, մյուս մասը՝ հեռանալով Հայաստանից։

Ասածս նա է, որ Ձեր ասած փոփոխությունները Հայաստանի գյուղեր չի հասել։ Ձեր մատնանշած փոփոխությունները հեռու են Հայաստանի գյուղերի մեծ մասից։

Մի քիչ խնայո՛ղ եղեք, Ձեր ներկայացրած փոփոխությունների ձեռքը բռնեք ու մտեք գյուղեր՝ Հայաստանի իրական պատկերը հասկանալու և զգալու համար, մեռնող գյուղերը փրկելու համար։

Արդար չէ՛, որ մեկին ամեն ինչ հասնի, մյուսին՝ ոչինչ․․․

Էլի՛ եմ ասում․ Արդարությո՛ւն է պետք։ Մեր երկրում արդարության պակաս կա․․․»:

Նույն շարքից