Հասարակություն 

Ըստ Թանդիլյանի, ազգը մահանում է քաղցկեղից, ըստ Թորոսյանի՝ սրտանոթային հիվանդություններից

Քաղցկեղի համար ես լրջագույն մտահոգություներ ունեմ: Այս մասին խորհրդարանում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ դիմելով Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին. «Ես նկատում եմ, որ Դուք նախանձելի հետևողականությամբ քաղցկեղը կապում եք ծխելու, ծխի հետ: Դուք որևէ կապ չեք տեսնում հանքարդյունաբերության, ծանր մետաղների հետ: Պարոն Թորոսյան, մեր հյուսիսն ու հարավը՝ Լոռին ու Սյունիքը, քաղցկեղից մահանում են: Ես որևէ ծրագիր չեմ տեսնում, որ դուք ուսումնասիրություն եք կատարում, թե ինչ կապ կա քաղցկեղի ու հանքարդյունաբերության միջև: Գտեք հյուիսում ու հարավում տիրող իրավիճակի պատճառները, որտեղ քաղցկեղից մահացության դեպքերն ահասարսուռ են»:

Նախարար Թորոսյանը նշեց, որ ինքն ամեն ինչ չէ կապում ծխելու հետ, ասում է այն, ինչն ապացուցված է. «Ես չեմ փորձում անել արտահայտություններ, որոնք կլինեն իմ կարծիքը: Ազգն իրականում քաղցկեղից չի մահանում, իրականում մահանում է սրտանոթային հիվանդություններից, որովհետև մահացության դեպքերից 50 տոկոսը բաժին է ընկնում դրան: Երկրորդ տեղում քաղցկեղն է:

Մենք որևէ կաշկանդվածություն չունենք ասելու, որ շրջակա միջավայրի գործոնները կարո են առաջացնել նաև քաղցկեղ: Ավելին ասեմ՝ այդ գործոններն ավելի շատ այլ հիվանդություներն են առաջացնում: Օրինակ օդի աղտոտվածությունն ավելի շատ մարդ է սպանում, քան՝ ծխելը: Բարեբախտաբար մեզ մոտ օդի աղտոտվածությունն այնքան էլ վատ վիճակում չէ՝ ի շնորհիվ նրա, որ ավտոմեքենաները գազաֆիկացված են»:

Ինչ վերաբերում է նշված մարզերում ուսումնասիրություններին, Թորոսյանն ասաց, որ դրանք մշտապես արվում են:

Ընդ որում, Թորոսյանը նշեց, որ Սյունիքում քաղցկեղն առաջին տեղում չէ մահացության մասով, իսկ Լոռիում, որտեղ առաջին տեղում է, ուսումնասիրություններ են կատարվում:

Նույն շարքից