«Լևոն Իգիթյանը վթարից առանձնապես չի տուժել»,-այս մասին Analitik․am-ին տեղեկացրեց Մարտունի բժշկական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը:
Ըստ նրա, Երևանի ավագանու նախկին անդամը սալջարդեր է ստացել կրծքավանդակի շրջանում, սակայն չի հոսպիտալացվել:
«Ընդունարանում տուժածին ստուգել են, բժիշկները հավաստիացել են, որ վտանգավոր բան չկա և Լևոն Իգիթյանը չի հոսպիտալացվել, գնացել է տուն»,-ասաց Հարությունյանը:
Ըստ ԲԿ-ի տնօրենի, հոկտեմբերի 30-ին Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհին տեղի ունեցած խոշոր վթարի հետևաքնով ծանր դեպքեր չեն ունեցել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում բախվել էին Երևանի բնակիչ, 68-ամյա Արտավազդ Յախշիբեկյանի վարած Mercedes մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 45-ամյա Վալենտին Խաչատրյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Վ. Խաչատրյանի ուղևորներ, Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ, 21-ամյա Կարեն Պետրոսյանը, Երևան քաղաքի բնակիչ, 22-ամյա Անդրանիկ Խաչատրյանը, վարորդներից Ա. Յախշիբեկյանը, նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 80-ամյա Լևոն Իգիթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Մարտունի» բժշկական կենտրոն: