Այսօր առավոտյան շները կերել են կենդանաբանական այգու 3 մուֆլոնների: Այս մասին հայտնել են կենդանաբանական այգու լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ նախօերին շները, ըստ Կենդանաբանական այգու լրատվական ծառայության հաղորդագրության և հենց տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հայտարարությունների, շները կերել էին 3 կենգուրու:
«Նոյեմբերի 1-ին լույս առավոտ, մոտավորապես ժամը 06:00-ի սահմաններում Երևանի կենդանաբանական այգու տարածքում գրանցվել է թափառող շների ներթափանցման երկրորդ դեպքը: Ոհմակը հարձակվել է այգում պահվող թվով 3 մուֆլոնների (2 արու, 1 էգ) վրա: Գրանցվել է կենդանիների անկում: Շներին բռնել չի հաջողվել»,-նշված է հայտարարության մեջ։
Նշենք նաև, որ նախօրեին այգու աշխատակիցներին հաջողվել էր 3 շուն բռնել, որոնք բոլորովին էլ ահարկու տեսք չունեին և դժվար էր հավատալ, որ նրանք կենգուրուներին կերել են կամ խեղդամահ արել:
Հավելենք նաև, որ երեկվանից և՛ Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, և՛ մամուլի պատասխաանտու Արևիկ Մկրտչյանը կամ հեռախոսազանգերին չեն պատասխանում, կամ անհասանելի են:
Ռուբեն Խաչատրյանը մասնագիտությամբ ռեժիսոր է և որևէ կապ չունի կենդանաբանության կամ հարակից ոլորտների հետ և նրա նշանակումը Կենդանաբանական այգու տնօրեն արդեն կասկածի տակ է դնում Կենդանաբանական այգու գոյությունը:
Նրա նշանակումից հետո, անտարբերության հետևանքով, այգում կարմիրգրքյան կենդանիներ և թռչուններ են անկել և անհետացել:
Երկար ժամանակ այգու նախկին աշխատակիցները բողոքում էին Ռուբեն Խաչատրյանի դեմ, մատնանշում նրա ոչ կոմպետենտ ու մասնագետ լինելը, սակայն նրան է դեռևս վստահված կենդանաբանական այգու կառավարումը: Իսկ թե ինչպիսի հմտությամբ է Խաչատրյանը կառավարում՝ արդեն աչք է ծակում:
Գոհար Ստեփանյան