Քաղաքական Բարի օր 

Դուք գիտե՞ք, թե որ երկրում եք գտնվում. Գևորգ Պետրոսյանը մանրամասներ հայտնեց Ստամբուլյան կոնվենցիայի թեմայով փակ քննարկումից

Մենք ասացինք այն, ինչի համար մասնակցում էինք քննարկմանը: Մենք իսկապես նահանջի տեղ չունենք: Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովի մոտ հայտարարեց ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ով խորհրդարանում մասնակցում էր Ստամբուլյան կոնվենցիայի թեմայով քննարկմանը, որը փակ էր:

Պետրոսյանի խոսքերով, ինքը հարգում է Վենետիկի հանձնաժողովի գործընկերներին, բայց ժողովրդին ավելի շատ է հարգում. «Նրանք որևէ համոզիչ փաստարկ չբերեցին, թե ինչու պետք է Հայաստանը վավերացնի կոնվենցիան: Մեզ համար ամենակարևորը մեր հայ ազգի շահն է»:

ԲՀԿ-ական պատգամավորի խոսքերով, մյուս կողմը որևէ պատասխան չի տվել հարցին՝ կա արդյո՞ք Հայաստանի օրենսդրության մեջ բաց, որը հնարավոր է լրացնել այդ կոնվենցիայով. «Մենք հարցրեցինք՝ կա արդյո՞ք փաստ, որ ենթադրյալ բռնության ենթարկված կինը գնացել է ոստիկանություն, բռնության փաստն առկա է եղել, սակայն մերժել են գործ հարուցել համապատասխան իրավադրույթի բացակայության պատճառով: Նրանք կրկին փաստ չունեին: Նման բան չի կարող լինել, քանի որ ՀՀ գործող ՔՕ-ն ամբողջությամբ փակել է սպեկտորը»:

Պետրոսյանը նաև վիճակագրություն է պահանջել՝ հասկանալու համար արդյո՞ք կոնվենցիայի վավերացումը որևէ դրական տեղաշարժ է արձանագրել ընտանիքներում բռնությունների դեպքերի թվականի մասով, սակայն կրկին պատասխան չի ստացել. «Նրանք ասում են, որ դա չի հակասում մեր սահմանադրությանը: Ես նրանց հարցրեցի կոնվենցիայի այն կետի մասին, որտեղ խոսվում է «զուգընկերոջ» մասին: Ես ասացի, որ դա մեր բարքերին սազական չէ, մեր օրենսդրությամբ չկա: Ասացի որ եվրոպական շատ երկրներում կնոջը նեղացնելու դեպքում նրա հետ գտնվող տղամարդը դիմում է փախուստի: Ես նրանց ասացի, որ Հայաստանում միայն կինն ու տղամարդը կարող են ամուսնական դաշինք կնքել, որտեղ ընտանիքը հասարակության հիմնական ու բնական բջիջն է ու պետք է գտնվի պետության  հատուկ պաշտպանության ներքո: Ես ասացի, որ մենք տեսնում ենք մեր ընտանեկան արժեհամակարգը քարկոծելու միտում: Ես ասացի, որ դուք գտնվում եք մի երկրում, որն ինքնիշխան ու անկախ պետություն է: Նրանք փաստարկ չունեն, թե ինչու պետք է ընդունել կոնվենցիան: Ես նաև նրանց ասել եմ, որ քաղաքացիները դեմ են դրան, իսկ վարչապետի խոսքերով, հենց ժողովուրդն է որոշում կայացնողը»:

Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ Եվրոպայից եկել էին հասկանալու համար Հայաստանում առկա տրամադրվածությունը, ինչից հետո կհասկանան, թե ինչ անեն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ պետաիրավական, արտաքին հարաբերությունների և մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, որին մասնակցում են նաև ԵԽ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերով փորձագիտական խմբի անդամները, Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահը, ԵԽ Մարդու իրավունքների և գենդերային հարցերի գրասենյակի ղեկավարը, քննարկել են Ստամբուլյան կոնվենցիայի հարցը:

Քննարկմանը զուգահեռ Ազգային ժողովի մոտ քաղաքացիները բողոքի ակցիա են անում՝ հայտարարելով, որ կոնվենցիան չի վավերացվելու:

Նույն շարքից