ԱԺ պետաիրավական, արտաքին հարաբերությունների և մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, որին մասնակցում են նաև ԵԽ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերով փորձագիտական խմբի անդամները, Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահը, ԵԽ Մարդու իրավունքների և գենդերային հարցերի գրասենյակի ղեկավարը, քննարկել են Ստամբուլյան կոնվենցիայի հարցը:
Քննարկմանը մասնակցել է ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, սակայն կեսից դուրս է եկել։ Նրա խոսքերով, Եվրոպայից ժամանած գործիչներն այդպես էլ չեն կարողացել պատասխանել իրենց հարցերին, մասնավորապես չեն ասել, թե ինչու պետք է Հայաստանը վավերացնի Ստամբուլյան կոնվենցիան:
Լրագրողների հարցին, թե Իմ քայլը խմբակցությունից ովքեր են մասնակցել քննարկմանն ու ինչ կարծիք են հայտնել, Պետրոսյանը հնչեցրեց Մարիա Կարապետյանի և Թագուհի Ղազարյանի անունները՝ նշելով, որ վերջիններս ընդդիմադիր կեցվածք չեն ունեցել իրենց հարցադրումների մասով. «Ի վերջո բոլորն են ընդունում, որ ՀՀ գործող իրավակարգավորումների պայմաններում չկա բաց, որը հնարավոր է լրացնել կոնվենցիայով»:
«Իմ քայլը դաշինքի մեր գործընկերներն էլ ցանկանում էին իմանալ, թե ինչու պետք է ընդունել կոնվենցիան: Ես մեր դիրքորոշմանը որևէ դեմ կարծիք չեմ լսել: Նրանք էլ էին ուզում հասկանալ, թե որն է Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու նպատակը, շարժառիթը»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ մասնավորապես Մարիա Կարապետյանն ավելի վաղ ասել է, որ կոնվենցիան չի հակասում ՀՀ Սահմանադրությանը, ԲՀԿ-ականը նշեց, որ վերջինս պարտավոր է հիմնավորել, թե ինչու հակասահմանադրական չէ. «Մենք ինչո՞ւ ենք ընդունում, որ Իմ քայլի պատգամավորներն այս ժողվորդին դեմ մարդիկ են, կամ ժողովրդի թշնամիներն են: Ի վերջո իրենք էլ կարող են ընդունել, որ կոնվենցիան վավերացնելու անհրաժեշտություն չկա ու միանան մեր տեսակետին: Չգիտեմ, թե ինձանից հետո ինչ է եղել, բայց իմ ներկայությամբ մեր տեսակետին դեմ արտահայտություն չի եղել:»:
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից, Պետրոսյանի հիշելով, ներկայացուցիչներ չեն եղել: