Քաղաքական 

«Իմ քայլի» պատգամավորը պարզաբանել է, թե ինչու են փակ նիստով քննարկել Ստամբուլյան կոնվենցիան

Որևէ անգամ մենք չենք փորձել հանրությունից գաղտնի պահել ինչ-որ հանրային նշանակություն ունեցող հանդիպում: Լրագրողների հետ զրույցուոմ հայտարարել է Իմ քայլի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ խոսելով ԱԺ-ում Եվրոպայից ժամանած գործիչների մասնակցությամբ Ստամբուլյան կոնվենցիայի հարցով փակ հանդիպման մասին և հավելելով, որ 21-րդ դարում հնարավոր չէ որևէ գաղտնի բան անել:

Վարդանյանի խոսքերով, լրատվամիջոցներից որևէ տեղեկություն գաղտնի պահելը հանգեցնում է նրան, որ կեղծ լուրեր են հրապակվում դրա մասին. «Իսկ առօրյա կտրվածքով մենք բազմաթիվ աշխատանքային հանդիպումներ ենք ունենում, սա աշխատանքային հանդիպում է, որը համապատասխան պատվիրակությունների խնդրանքով որոշվել  կազմակերպել առանց լրագրողների: Սա որևէ բան գաղտնի պահելու համար չէ: Մենք քննարկել ենք Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված որոշ հարցեր»:

Վարդանյանը նշեց, որ Ստամբուլյան կոնվենցիան ԱԺ-ի օրակարգում չկա, պաշտոնապես շրջանառության մեջ չի դրվել, դրա համար որոշակի գործընթաց պետք է լինի. «Ի վերջո պետք է հասկանալ, որ ՀՀ-ն ԵԽ անդամ է և մենք որոշակի առումով պետք է ընթանանք այդ ճանապարհով: Խոսքը քննարկումների մասին է»:

Իմքայլականը չի հասկանում, թե ինչու է կոնվենցիան այսքան մեծ արձագանք առաջացրել. «Հավատացնում եմ, որ Հայաստանը շատ այլ կոնվենցիաներ է վավերացրել, որոնք կարող են ավելի մեծ նշանակություն ունենալ: Կարևորագույն հարցը հետևյալն է՝ այս կամ այն փաստաթուղթը քննադատելու համար, այն նախ պետք է ընթերցել, հասկանալ հիմնավորումները, որոնք դրվել են: Ի վերջո պետք է նաև հասկանալ, որ ցանկացած միջազգային պայմանագրի վավերացում պետության ինքնիշխանության դրսևորման կարևորագույն տարրերից մեկն է»:

Նույն շարքից