Այսօր՝ նոյեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պատասխանեց Դավիթ Սանասարյանի հայտարարություններին, ով իրեն մեղադրել էր կոռուպցիոն գործարքների մեջ՝ մասնավորապես ասելով, թե Թորոսյանի ընտանիքին պատկանող բուժհաստատությանը տրամադրվել է շատ ավելի մեծ գումարներ, քան՝ նախկինում:
Թորոսյանը նշեց, որ իր ընտանիքը ԲԿ չունի, իսկ գումարների տրամադրման ընթացակարգը բոլորին հայտնի է. «Ինչ վերաբերում է մյուս մեղադրանքներին, ապա ասեմ՝ երբ ես լսում էի դրանք, քիչ էր մնում մտածեի, որ Ալ Կապոնեին հովանավորելու համար էլ ինձ կմեղադրի պարոն Սանասարյանը: Ծիծաղով եմ վերաբերվում այդ մեղադրանքներին»:
Հարցին, թե ինչով է բացատրում Սանասարյանի մեղադրանքները, Թորոսյանը նշեց, թե չի կարող ասել. «Ես նրան մի անգամ հանրային խորհուրդ տվել եմ, բայց ոնցոր չի ուզում օգտվել դրանից: Մենք անձնական խնդիրներ չունենք, չենք շփվում իրար հետ»:
Հարցին՝ չի ազդի արդյո՞ք այս հակասությունը ՔՊ-ի վարկանիշի վրա, Թորոսյանը պատասխանեց, որ գործն իրավական է, ժամանակն ամեն ինչ ցույց կտա: