Հայաստան 

ԼՂՀ ԱԺ նախագահը Վաշինգտոնում հանդիպել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ

analitik.am

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նոյեմբերի 30-ին աշխատանքային այցով ժամանել է Վաշինգտոն: Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունից։ 

Դեկտեմբերի 1-ին կայացել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում վերջին զարգացումներին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող մի շարք հարցեր: 

Նույն օրը Աշոտ Ղուլյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալլոունի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել է ԱՄՆ Կոնգրեսի և ԼՂՀ խորհրդարանի միջև համագործակցության ընդլայնմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, ԱՄՆ մարդասիրական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ 

Կոնգրեսական Ֆ. Փալլոունի խնդրանքով Աշոտ Ղուլյանը ներկայացրել է Արցախի սահմաններում Ադրբեջանի կողմից ձեռնարկվող սադրանքների հետեւանքները և, այդ համատեքստում, շնորհակալություն հայտնել ԱՄՆ կոնգրեսականների՝ ԼՂՀ ռազմաօդային ուժերի ուղղաթիռի խոցումը դատապարտող հայտարարությունների համար: 

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի այցը շարունակվում է:

Նույն շարքից