ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում որևէ փակուղի չկա: Ամեն դեպքում այն, ինչը մեզ է վերաբերում, կարող եմ ասել, որ մենք շարունակում ենք աշխատել շատ հանգիստ և սառնասիրտ: Սա աշխատանք է, որը պետք է արվի, սա վերաբերում է մեր, տարածաշրջանային անվտանգությանը, խաղաղություն հաստատելուն: Այստեղ զգացմունքային դաշտում աշխատելը լուրջ չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ Նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Հարցին՝ արդյո՞ք քննարկման առարկա լինում են Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող միջադեպերը, նախարարն ասել է, որ էսկալացիայի ռիսկերի նվազեցման հարցը կարևորագույն հարցերից է. «Կան բովանդակային հարցեր և կան հարցեր, որոնք ձևավորում են միջավայր, որի պայմաններում քննարկվում են բովանդակային հարցեր: Էսկալացիայի ռիսկերի նվազեցման հարցը չափազանց կարևոր է»: