Հասարակություն 

Կենդանաբանական այգուն ուժեղ հսկողություն ու ցանկապատ էր պետք. Այգու նախկին աշխատակից

Երկու օր անընդմեջ Երևանի կենդանաբանական այգին կորուստներ ունեցավ. նախօերին շները հոշոտել էին 3 կենգուրու, իսկ այսօր երեք մուֆլոն: Կենդանաբանական այգու միակ բացատրությունն այն է, որ շների ոհմակը կարողացել է մտնել այգի և հարձակվել կենդանիների վրա:

Analitik.am-ի հետ զրույցում Կենդանաբանական այգու նախկին աշխատակից Մանուկ Մանուկյանը նշեց, որ այգուն գումարներ տրամադրվել է, սակայն տնօրեն Ռուբեն Խաչատրյանը փոխանակ դրանք այգու պահպանության վրա ծախսի՝ մեծացրել է արջերի ու առյուծների վանդակը:

Ըստ նրա, Ռուբեն Խաչատրյանը քաղաքապետին ներակայացրել է այգու առաջնահերթությունները, սակայն արդյո՞ք դրանք առաջնահերթություններ էին, այլ հարց է:

«Բեզորայան այծերի, մուֆլոնների ցանկապատը շատ վատ վիճակում է և չի բացառվում, որ այն պարզապես տապալվի և կենդանիները հայտնվեն Մասիվում, ինչպես մի անգամ եղել է»,-ասաց Մանուկյանը:

Նա նշեց, որ Ռուբեն Խաչատրյանն արջերի փրկության ծրագրով հավաքագրված արջերին բերում էր կենդանաբանական այգի և գումարները ծախսվում էին արջերի վանդակը մեծացնելու համար:

Նա շեշտեց, որ այգու համար ընդհանուր ցանկապատ ունենալը կապված չէ մեծ գումարների հետ, սակայն չլինելով մասնագետ և չհասկանալով կենդանիների խնամքի նրբությունները, տնօրենն այգու պահպանությունն աչքաթող էր արել:

Ինչ վերաբերում է շների հարձակումներին, Մանուկյանը հաղորդեց, որ միշտ էլ շների հարձակումներ եղել են։ Դեպքեր են եղել, երբ շները եղնիկներին են կերել:

«Նախկինում մարդիկ կային, որ գիշերները շրջում էին այգու տարածքում: Պատահում էր որպես վտանգի նշան սիրամարգը ձայն էր հանում, այդպիսի դեպքերում պահակները պատրաստ էին: Այժմ այգին անտերության է մատնված»,-ասաց Մանուկյանը և հավելեց, որ պետք էր ընդամենը ցանկապատ դնել և հսկողությունն ուժեղացնել:

Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցը հիշեց, որ կենգուրուներից մեկին բերելու առաջին օրն ազատավանդակից փախել էր. «Առաջին օրը կենգուրուն փախել էր ու սատկել: Եթե կենգուրուն կարողանում է  ազատավանդակից փախնել, ապա շները հաստատ կարող են մտնել վանդակները»:

Նա ևս հաստատեց, որ վերջին տարիներին Կենդանաբանական այգու շուրջ 70 կենդանատեսակ անհետացել է, իսկ անկած կենդանիների թիվն անհամեմատ ավելին է:

Մանուկյանը նաև անդրադարձավ այն տեղեկությանը, թե այգու բոլոր աշխատակիցները մտադիր են հրաժարականի դիմումներ գրել, ասաց՝ եթե նման քայլի գնան, ապա մեկ ժամ հետո բազմաթիվ կամավորներ պատրաստ կլինեն խնամելու կենդանիներին և այգին խնդիր չի ունենա:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից