Ռուսարմինֆոն անդրադարձել է հինգ նշանավոր հրեաների, որոնց Ադրբեջանում համարում են թշնամի իրենց հայամետ դիրքորոշման համար:
Եվ այսպես, հայամետ հրեաների ցանկում է լրագրող Վլադիմիր Սոլովյովը, որը չի թաքցնում իր համակրանքը հայերի նկատմամբ: Նա բազմիցս անդրադարձել է Արցախյան հարցին: «Արցախը այն հողն է, որտեղ հայերը եղել են միշտ: Երբ դու պայքարում ես հանուն Ղարաբաղի, դու գիտես, թե քանի մարդ է այնտեղ արյուն թափել, և թե ինչպիսի հերոսական սխրանք է դա եղել հայ ժողովրդի կողմից», - ասել է նա:
Իր այս դիրքորոշման համար Ադրբեջանում Սոլովյովին շատ են քննադատում, մինչև իսկ ԶԼՄ-ներում վիրավորական արտահայտություններ են հնչեցնում նրա հասցեին:
Հրեա մեկ այլ լրագրող Վլադիմիր Պոզների խոսքերը նույնպես դուր չեն գալիս Ադրբեջանին. «Ես կգնայի Ղարաբաղ, որպեսզի իմ դիրքորոշումը հայտնեի, որպեսզի բոլորը, այդ թվում՝ ադրբեջանցիները, հասկանային, որ իմ սիրտը այդ կողմում է, ոչ թե այն»:
Վերջերս ԱՄՆ-ում ադրբեջանցի ուսանողուհու հայտարարությանը, թե Արցախի անկախությունը ճանաչված չէ աշխարհում, Պոզները պատասխանել է, որ «Լեռնային Ղարաբաղը պաշտոնապես ընդունված է որպես Հայաստանի տարածք»:
Ծագումով հրեա Մերձավոր Արևելքի համալսարանի նախագահ Եվգենի Սատանովսկին նույնպես հայերի կողմից է Արցախյան հակամարտության հարցում և իր հարցազրույցներում բազմիցս է հայտարարել, որ «Արցախն այլևս երբեք չի մտնի Ադրբեջանի տարածքի մեջ»:
2016 թ. Սատանովսկին այցելել է Արցախ, որից հետո Ադրբեջանի արտգործնախարարությունը նրան «սև ցուցակի» մեջ է ընդգրկել:
Ադրբեջանը թշնամի էր համարում նաև հասարակական գործիչ և բլոգեր Անտոն Նոսիկին, որը 2017 թ վաղաժամ հեռացել է կյանքից:
Նոսիկը նույնպես չէր թաքցնում իր համակրանքը Հայաստանի և Արցախի նկատմամբ, իսկ Ադրբեջանի գոյությունը որպես ինքնիշխան պետություն համարում էր «նյարդայնացնող պատմական սխալ և թյուրիմացություն»:
Եվ վերջապես, հինգերորդ հայամետ հրեան, որին առանձնացրել է Ռուսարմինֆոն, հայտնի բլոգեր և ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինն է: Վերջինս 2017 թ. ձերբակալվել էր Արցախ մեկնելու և Իլհամ Ալիևին քննադատելու համար:
Կապված միջազգային հասարակության ճնշումների հետ՝ Բաքուն ստիպված էր ազատել Լապշինին, որը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ մեղադրելով Ադրբեջանին իր հանդեպ ֆիզիկական բռնության սպանալիքների համար: