Ես եմ խնդրել վարչապետին, որ նորմալ ստուգումներ իրականացնեն: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ խոսելով նախարարությունում ՊՎԾ-ի ստուգումների մասին. «Աշխատանքից ազատել ենք մարդու, ով բողոքել է՝ հայտարարելով, թե իբր նախարարությունում տարբեր ուղղություններով խախտումներ կան: Դրա համար էլ խնդրել եմ ստուգումներ անեն»:
Խոսքը մասնավորապես վերաբերում է Փրկարար ծառայության տնօրենին:
Խոսակցություններին, թե ինքն իր յուրայիններին է տանում նախարարություն, Ցոլակյանը նշել է, որ նախընտրում է աշխատել ծանոթների հետ. «Ես ասել եմ, որ բարեկամ չեմ տանում, բարեկամ չունեմ կառույցում աշխատող: Բնականաբար հարազատները դիմում են աշխատելու համար, սակայն ես չեմ ընդունել: Ընդունել եմ ծանոթների, որոնց ճանաչել եմ ու որոնց գալուց հետո բավականին մեծ փոփոխություններ են կատարվել համակարգում: Նրանց աշխատանքը ես այսօր շատ բարձր եմ գնահատում»:
Մասնավորապես փոխնախարարի մասով Ցոլակյանը նշել է, որ վերջինս իր քրոջ տղան չէ, ինչպես պնդում էին. «Ես քրոջ տղա շատ ունեմ, բայց՝ ոչ փոխնախարար: Հետո պարզվեց, որ գրողները սխալվել են»:
Նախարարը հայտնել է, որ 6500 աշխատողներից միայն 9-ն են ստորագրել թղթի տակ, իբր կան խախտումներ. «Բայց սա ինքնապաշտպանական բնազդն է խոսել, քանի որ կառուցվածքային փոփոխություններ է լինելու և ստորագրողների մեծ մասը կամ պետք է դուրս գային, կամ՝ այլ պաշտոնի տեղափոխվեին: Նրանք արդյունավետ չեն աշխատել»: