Հայաստան 

Հերմինե Նաղդալյանն «ուղղեց» Փաշինյանին

analitik.am

Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանին: Նա նախ հիշեցրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արած հայտարարություններից մեկը, թե ԵՏՄ-ի վերաբերյալ մեկ գիշերվա մեջ չէր կարող հանրության կարծիքը իմանալ:


«Պարոն Կարայան, կպարզաբանե՞ք, թե սա ինչ գիշեր էր:   Մտածե՞լ եք արդյոք, որ եթե Ադրբեջանը դառնա ԵՏՄ անդամ , ինչ է լինելու, հիմա դուք կասեք, որ Հայաստանն ունի վետոյի հնարավորությւոն, բայց այդ մեկ գիշերում կայացած որոշման փաստը կասկածի տեղիք է տալիս, որովհետև եթե վետո դնող լինեինք, մի գիշերվա մեջ ԵՏՄ չէինք մտնի: Ապրանքների թանկացման հետ կապված, դուք առավոտյան ասացիք, որ ապրանքները չեն թանկանա, հիմա էլ ասում եք, որ ապրանքների թանկացումը կապ ունի դրոշմապիտակավորման հետ:   Մինչ այստեղ դուք զեկուցում եք, դոլարի կուրսը դարձել է 460 դրամ:


Եվ դա կապված է այն պրոցեսների հետ, որոնք կապված են ԵՏՄ –ում ընթացող պրոցեսների հետ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Սուրեն Կարայանը նախ նշեց. «Ես չգիտեմ, թե այդ ի՞նչ գիշերվա մասին եք դուք խոսում:   Ուզում եմ ասել, որ լուրջ հարցերը մեկ գիշերվա մեջ չեն կայացվում: Այդ բանակցությունները տևել են տարիներ, թե ինչ ազդեցություն կարող է ԵՏՄ անդամակցությունը ունենալ Հայաստանի տնտեսության վրա, թե ինչ հնարավորություններ կունենա Հայաստանը, բացի այդ բազմաթիվ գործարարների հետ են եղել հանդիպումներ»,- ասաց փոխնախարարը` փորձելով հիմնավորել, որ ԵՏՄ-ին անդամակցելու որոշումը չի կայացվել մեկ օրում:   Ինչ վերաբերում է ապրանքների թանկացմանը, նա նշեց, որ այն 750 անուն ապրանքները, որոնք ներառված են բացառությունների ցանկում, դրանք նվազագույն սպառողական զամբյուղի մաս կազմող ապրանքներ են, որոնք ներկրվում են երրորդ երկրներից Հայաստան և ունեն առաջնային ազդեցություն: Այդ ապրանքների մասով թանկացումներ կարող էին լինել, բայց դրանք ներառվել են բացառությունների ցանկում:


Երկրորդ խումբ ապրանքները հումքն է, որոնք նույնպես ներկրվում են երրորդ երկրներից , և եթե Հայաստանը չներառեր դրանք բացառությունների մեջ, ապա այդ ապրանքների մասով մաքսատուրքերի դրույքաչափի բարձրացում լիներ, ինչն էլ կբերեր թանկացման:   Մյուս խումբ ապրանքները բացառությունների ցանկում դեղամիջոցներն են , որոնք նույնպես ներկրվում են երրորդ երկրներից: Անցումային դրույթներով պետք է կարգավորվի նաև շաքարավազի հետ կապված գները:   «Մենք այսօր դեռ չենք միացել, Դուք բերում, դոլարի կուրսն եք կապում»,- ասաց Ս.Կարայանը՝ հավելելով, որ ՀՀ տնտեսությունն արդեն սերտ ինտեգրված է ԵՏՄ պետությունների տնտեսությունների հետ, և դա անկախ այն հանգամանքից, որ մենք միանում ենք ԵՏՄ-ին. «Մենք ընդամենը առավելություն ենք ստեղծում՝ հեշտացնում ենք մուտքը ԵՏՄ և համատեղ փորձելու ենք դիմակայել համաշխարհային մարտահրավերներին»:   «Ստացվելու է, որ մեր ժողովուրդը «Тройной одеколон» է սկելու օգտագործել, կամ էլ վարունգի դուխի»,-ասաց Ն.Փաշինյանը:   «Красная Москва»,- նրան ուղղեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: 

Նույն շարքից