Բարի օր Բարի օր Իրավական 

Արսեն Բաբայանի վերաբերյալ միջնորդությունը ստացվել է, ներկայումս քննարկվում է․Գոռ Աբրահամյան

«Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի և Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի միջնորդությունն Արսեն Բաբայանի վերաբերյալ ստացվել է, ներկայումս քննարկվում է, դատավարական ժամկետների սահմաններում է, այդ ընթացքում էլ դիրքորոշում կարտահայտվի»,- այս մասին Analitik.am-ին հայտնեց ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի պատասխանատու Գոռ Աբրահամյանը:

«Դատավարական ժամկետը 5-օրյա ժամկետ է՝ հսկող դատախազին հասնելուց հետո»,- նշեց Աբրահամյանը:

Հարցին, թե արդյոք այժմ միջնորդությունը գտնվում է հսկող դատախազի մոտ, Գոռ Աբրահամյանը պատասխանեց, որ հիմա սահմանված կարգով քննարկման ընթացքի մեջ է՝ այդպես էլ հստակ չպատասխանելով  հարցին, թե արդյոք  միջնորդությունը հսկող դատախազի մոտ է, թե ոչ:

Հիշեցնենք, որ իրավապաշտպան, «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը և Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը (անձնական կարգավիճակով) հոկտեմբերի 29-ին գրավոր դիմել էին  քրեական հետապնդման մարմիններին՝ պատրաստակամություն հայտնելով իրենց խոսքով և վճարվող գումարով երաշխավորելու Արսեն Բաբայանի պատշաճ վարքագիծը քրեական գործի քննության ընթացքում։

Նույն շարքից