Հայաստան 

ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրի հիմքը դրվել է 1994-ին

analitik.am

Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանին:

 

Նրա խոսքով` Հայաստանի կողմից 1993-ին կնքվել և 1994-ին վավերացվել է միջազգային պայմանագիր տնտեսական միություն ստեղծելու մասին, որը գործում է առ այսօր և վերաբերում է համաձայնեցված դրամավարկային, բյուջետային, հարկային, արտաքին տնտեսական, մաքսային և արժութային քաղաքականությանը, որը հիմնված է լինելու ռուսական ռուբլու վրա:

 

«Այդ պայմանագիրը գործում է առ այսօր, այդ պայմանագիրը նկատի առե՞լ եք ԵՏՄ պայմանագիրը կնքելու ժամանակ: Երկրորդ` Առևտրի համաշխարհային կազմակերպությանն էինք անդամակցում և եվրաասոցացման բանակցություններ էին վարում, ի՞նչ ուժ ունի այս պայմանագիրը, որտեղ պայմանները շատ ավելի խիստ են և ինքնիշխանությանը վնասող, քան այն, ինչ բերվել է: Ի՞նչ իրավական ուժ ունի այդ պայմանագիրը»,- հարցրեց պատգամավորը:

 

Նա նշեց նաեւ, որ հավելվածներից մեկում նշված է 29 համաձայնագրերի վավերացման անհրաժեշտության մասին, արդյո՞ք այդ պայմանագրի վավերացումով վավերացվում են նաև այդ 29 համաձայնագրերը:

 

Սուրեն Կարայանը պատասխանեց, որ պատգամավորի կողմից նշված պայմանագիրը, որը վավերացվել է 1994-ին,  կա, որով իսկապես նախատեսված են ավելի խիստ և ինքնիշխանությանը վնասող նորմեր, բայց մեկ կարևոր հանգամանք կա` այդ պայմանագիրը նպատակադրությունների մասին է, այսինքն` իմպերատիվ գրված չէ, թե Հայաստանը ինչ պետք է անի: «Ճիշտ է, այդ պայմանագիրը դեռ ուժի մեջ է, բայց մենք ավելի հստակ պայմանագիր ենք ստորագրել` ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը»,- ասաց փոխնախարարը:

 

Ինչ վերաբերում է 29 համաձայնագրերին, ապա, միանալով ԵՏՄ-ին, մեխանիկորեն վավերացվելու են այդ 29 համաձայնագրերը:

 

Արծվիկ Մինասյանը արձագանքեց. «Այսինքն` կարող ենք արձանագրել, որ այս պայմանագրի հիմքը դրվել է 1994-ին»:

Նույն շարքից