Հայաստան 

ՆԱՏՕ-ն ԼՂՀ կարգավորման գործում դերակատարում չի ստանձնի. Թևան Պողոսյան

analitik.am

Հյուսիս-ատլանտյան դաշինքը` ՆԱՏՕ-ն, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում չի հավակնում դերակատարում ստանձնել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Թևան Պողոսյանը:


Պատգամավորը նման տեսակետ արտահայեց լրագրողի այն հարցին ի պատասխան, թե ՆԱՏՕ-ն ինչ խնդիրներ ու ռազմավարություն կարող է որդեգրել Հարավային Կովկասում` հաշվի առնելով աշխարհաքաղաքական վերջին զարգացումները:


«ԼՂ կարգավորման հարցում ՆԱՏՕ-ն միշտ աջակցելու է Մինսկի խմբին. եկեք չմոռանանք ՆԱՏՕ-ի 28 երկրները: Մասնավորապես, Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան համանախագահներ են, կա մի երկիր, որը թշնամական երկիր է մեզ համար` Թուրքիան, ու, դա գիտակցելով, ոչ ԱՄՆ-ն, ոչ Ֆրանսիան թույլ չեն տա, որ ՆԱՏՕ-ն դերակատարում վերցնի ԼՂՀ հարցում: Դրանից հետո որոշումներ կայացնելը դառնալու է անհնարին, քանի որ ՆԱՏՕ-ում որոշումները կոնսենսուսով են կայանում: Այդ ինստիտուտը չի զբաղվում այն հարցերով, որոնք կարող են ներքին խնդիր առաջացնելլ շահերի բախման առումով»,-ասաց պատգամավորը:


ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանի խոսքով էլ` Հայաստանն ունի եզակի կարգավիճակ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների տեսանկյունից: «Լինելով ՀԱՊԿ անդամ` Հայաստանը շարունակում է խորացնել իր գործընկերային հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ: Մենք միջազգային խաղաղապահ առաքելություններին ենք մասկանցում, որն իրականացվում է ՆԱՏՕ-ի գլխավորությամբ ինչպես Աֆղանստանում, այնպես էլ` Կոսովոյում: Հայաստանը հաստատել է նաև իր հաստատակամ մասնակցությունը 2014-ի դեկտեմբերից հետո Աֆղանստանում առաքելության շարունակությանը:


Սա նույնպես, կարծում եմ, Հայաստան-ՆԱՏՕ զարգացման ցուցանիշներից մեկը կարող է լինել»,- նշեց նա:


ՀՀ ԱԺ պատվիրակությունը նոյեմբերի 21-24-ը մասնակցել է Հաագայում կայացած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի աշխատանքներին:

Նույն շարքից