Անցում «կառավարելի» քաոսից դեպի «անկառավարելի» քաոսի:
Ընդունված է համարել, որ պետության և հասարակության մեջ քաոսի աստիճանը որոշվում է հասարակական հարաբերությունները կարգավորող գրված և չգրված օրենքների կիրառության արդյունավետության աստիճանով:
Անկախությունից ի վեր, Հայաստանը գտնվել է «կառավարելի քաոսի» վիճակում, քանի որ ընդունված օրենքները սահմանափակ կիրառելիություն և արդյունավետություն են ունեցել:
Հասարակական հարաբերությունների կարգավորման ամբողջ ծանրությունն ընկած էր հասարակության հիմքում դրված ավանդական արժեքների, սկզբունքների և իդեալների վրա, որոնցով առաջնորդվում էին հասարակության տարբեր շերտեր՝ փոխհարաբերությունների կանոնակարգման ու կարգավորման նպատակով:
Վերջին մեկ և կես տարվա ընթացքում իշխանությանն աջակցող և դրա մաս կազմող տարբեր շերտերի ու խմբերի կողմից թիրախավորվել են ավանդական արժեքներն ու իդեալները՝ «անկառավարելի քաոսի» առաջացման և խորացման թաքնված նպատակով:
Հասարակական հարաբերությունները կարգավորող ավանդույթների, արժեքների և իդեալների սննկացումն ու բարոյազրկումը անխուսափելիորեն կհանգեցնի ներքին լրջագույն հակասությունների, ատելության և թշնամության մթնոլորտի խորացման՝ դրանից բխող բոլոր կործանարար հետևանքներով:
Ցավոք, այս ծրագրի իրագործման համար որպես գործիք և միջոց է ընտրվել ՀՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը, որը՝ իր կոչումով և առաքելությամբ, կոչված է գործել տրամագծորեն այլ տիրույթում:
Իշխանությունը պետք է համարժեք գնահատական տա ստեղծված իրավիճակում՝ կոնկրետ քաղաքական պատասխանատվություն ստանձնելով ստեղծված իրավիճակի համար:
Արթուր Ղազինյան