Հասարակություն 

Արայիկ Հարությունյանը՝ «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը 2,7 միլիոն դրամ տրամադրելու մասին

ԿԳՄՍ նախարարությունը 2,7 միլիոն դրամ դրամաշնորհ է տրամադրել «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը:

Ազատության եթերում նախարար Արայիկ Հարությունյանը, պատասխանելով հայտարարություններին, որ նախարարությունը ֆինանսավորել է ոչ թե արվեստ, այլ՝ սատանիզմ ու նույնասեռականության քարոզ, նշել է, որ հատկապես վերջերս ԼԳԲՏ, սատանիզմի անվան տակ որակում են իրադարձություններ, որոնք երբեմն ընկալելի, հասկանալի չեն, գուցե կատարման տեսակետից վատն են. «Շատ հստակ կենտրոններ կան, որոնք դա դարձնում են օրակարգ: Մինչդեռ, եթե այնտեղ նույնիսկ որակի խնդիր կա, դա մասնագետների քննարկման հարցն է: Դժվար թե կարելի է խոսել արժեքների փոփոխությունների մասին»:

Հարությունյանը պնդել է, որ հսկայական քանակությամբ դրամաշնորհներ են տրամադրում շատ տարբեր հարցերով՝ Արցախի, ազգային, կրթական և այլն. «Այստեղ մասնագետների քննարկելիք հարցն է: Բնականաբար, ես հասկանում եմ, որ քամիները փչում են այն կենտրոններից, որոնք վերահսկում են մեդիադաշտի մեծ մասը, որոնք քաղաքական որոշակի խնդիրներ են լուծում: Նույն Քոչարյանի կողմնակիցները և այլն»:

Հարցին, թե ինչու են իշխանություններին քննադելու համար նրանց կապում մասնավորապես նույնասեռականության հետ, նախարարը նշել է, որ հասարակական ընկալումներոմ դա ամենազգայուն թեմաներից է. «Ես չէի ասի, թե դրան տրվում են միայն կոնկրետ ուժերին աջակցողները: Կան նաև հասարակական-քաղաքական խմբեր, որոնք որոշակի մտահոգություններ ունեն, ինչը նորմալ է: Մարդիկ կարող են որոշակի վտանգ տեսնել որոշակի տրանսֆորմացիաների մասով, սակայն մենք կարող ենք վստահեցնել, որ վտանգ չկա»:

Նույն շարքից