ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, խոսելով դպրոցներում Հայ եկեղեցու պատմություն առարկայի դասավանդման մասին, հայտարարել է, որ այս պահին մշակվում են չափորոշիչներ: Երբ գործընթացն ավարտվի, որոշումներ կկայացվեն, թե ինչ առարկաներ կդասավանդվեն դպրոցներում՝ որ տարիքում են դասավանդվելու, ինչ ծավալով և այլն:
Դիտարկմանը, թե ուրիշ որտեղ պետք է երեխաները սովորեն պետական կրոնի հիմքերը, եթե ոչ դպրոցում, նախարարը նշել է, որ պետք է պատասխանել հարցին՝ արդյո՞ք եկեղեցու պատմությունը մեր ժողովրդի պատմությունը չէ. «Եթե մեր ժողովրդի պատմությունն է, պատմության առարկայի բաժանումը Հայ եկեղեցու պատմության առարկայից ինձ համար անհասկանալի է, ես այս հարցն անպայման կտամ»:
Հարությունյանը դիմեց նաև եկեղեցուն՝ կոչ անելով արձագանքել այն ժամանակ, երբ նախարարությունից ինֆորմացիա կստանան՝ հավելելով, որ չկան այնպիսի հարցեր, որոնք չեն կարող քննարկվել, սակայն դրանք պետք է քննարկվեն տրամաբանության, փոխադարձ հարգանքի մթնոլորտում, հարգալից վերաբերմունքը պարտադիր է երկխոսության համար։