ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր էջում գրում է.
«Քիչ առաջ պաշտոնական գրությամբ դիմել եմ ՌԴ ներքին գործերի նախարար Վ․ Կոլոկոլցևին և աշխատանքի և սոցիական ապահովության նախարար Մ․ Տոպիլինին՝ բարձրացնելով Ռուսաստանի Դաշնությունում բնակվող և աշխատող մեր համաքաղաքացիների վարորդական իրավունքների խնդիրը։
Հարցը, ինչպես շատերդ քաջատեղյակ եք, վերաբերում է Ռուսաստանի Պետական դումայի կողմից ընդունված օրենքին, ըստ որի՝ հայկական վարորդական իրավունքով այլևս հնարավոր չէ աշխատել ծառայությունների մատուցման ոլորտում (տաքսի, առաքում և այլն)։
Մեր կողմից հիմնավորապես ապացուցվել է, որ նշյալ օրենքը հակասում է ԵԱՏՄ համաձայնագրի մի շարք դրույթներին։ Ընդ որում, համաձայն Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 15-րդ հոդվածի 4-րդ մասի՝ նման հակասության դեպքում պետք է կիրառվի միջազգային պայմանագիրը, այլ ոչ թե օրենքը։
Ըստ այդմ՝ իրավասու նախարարներին խնդրել եմ պաշտպանել մեր քաղաքացիների իրավունքները Ռուսաստանի Դաշնությունում՝ կիրառելով ոչ թե օրենքը, այլ կիրառման ենթակա պայմանագրի դրույթները։
Սպասենք արդյունքների...»:



