Հայաստան 

Փակ նիստի ժամանակ ասել եք՝ տղե՛րք, ապրեք, լավ էլ բանակցել եք, հիմա բա՞ն է փոխվել. Վ. Այվազյան

analitik.am

ԱԺ-ում ԵՏՄ պայմանագրին միանալու քննարկմանն այսօր ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հարակից զեկուցող, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին դիտողություն արեց՝ ընդդիմախոսների մասին խոսելիս հանդես չգալ արտահայտություններով՝ օրինակ՝ «ձեր չսիրած Ռուսաստանը»:

Նա շեշտեց՝ ինքը հարգում է Ռուսաստանի ժողովրդին ու պետությունը, նմանապես Հյուսիսային Կորեայի ժողովրդին, բայց կարող է ասել, որ նրա ղեկավարը դիկտատոր է:

 

Վարդան Այվազյանը հակադարձեց. «Բացահայտ ասում եմ, ես հարգում եմ, ոչ ռուսամետ եմ, ոչ արևմտամետ, փողս ոչ էնտեղից եմ ստանում, էստեղից եմ ստանում»:

Ալեքսանդր Արզումանյանը նաև հետաքրքրվեց, թե ինչու է Ղրղզստանին, որ ընդամենը բանակցում է ԵՏՄ-ի հետ, ՌԴ-ն ավելի շատ գումար տալու, իսկ մեզ՝ 250 միլիոն դոլար:

Այվազյանը հակադարձեց. «Կորեացի վանականն ինչո՞ւ է իր տելիվիզորը քարդիրոբի վրա դնում, տերն ինքն ա՝ որտեղ կուզի, կդնի: Ասում է՝ Ռուսաստանն ինչո՞ւ է այդքան փող տալիս, իրենք, իրենց փոխհարաբերությունները»:

 

Ալեքսանդր արզումանյանը նշեց, որ հասկանում է, որ ցանկացած մարդ իր հեռուստացույցը դնում է այնտեղ, ուր ուզում է, բայց իր հարցն այլ է: «Ես հարցնում եմ՝ մեկը բանակցում է, շատ լավ թիմ ունենք, մեկն էլ բանակցում է տնտեսական, ասում է՝ հոպար, թե փող ա պետք ու ստանում է»:

Վարդան Այվազյանը Արզումանյանին հակադարձեց. «Պարոն Արզումանյան, հիմա մի բան կասեմ, որ ավելի շատ ուղղված է վերևներում նայողների համար՝ փակ նիստի ժամանակ մի բան եք ասում, հիմա՝ մեկ այլ բան: Փակ նիստի ժամանակ ասել եք՝ տղե՛րք, ապրեք, լավ էլ բանակցել եք, հիմա բա՞ն է փոխվել»:

«Փոխվել է այն, որ դուք միկրոֆոնով եք խոսում»,-արձագանքեց նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: 

Նույն շարքից