Հայաստան 

ԱՄՆ Կոնգրեսում նշվել է Արցախի անկախության 23-րդ տարեդարձը

analitik.am

Վաշինգտոնում աշխատանքային այցով գտնվող ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը դեկտեմբերի 2-ին Միացյալ Նահանգների Կոնգրեսում առանձին հանդիպումներ է ունեցել Կոնգրեսի անդամներ Լինդա Սանչեսի, Ադամ Շիֆի, Դեվիդ Սիսիլինի և Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի հետ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը։

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին՝ Արցախին վերաբերող հարցերն ուշադրության կենտրոնում պահելու համար, ինչպես նաև ներկայացրել Արցախի և տարածաշրջանի վերջին զարգացումները:

Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել Կոնգրեսի անդամների անաչառ և համարձակ դիրքորոշումն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, մասնավորապես, հուլիս-օգոստոս ամիսներին և նոյեմբերի 12-ին ադրբեջանական կողմի կազմակերպած սադրանքներին արագ արձագանքումը և դատապարտումը: Հանդիպումների ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Միացյալ Նահանգների և Արցախի միջև հարաբերությունների ընդլայնման հեռանկարներին, կարևորել քաղաքական ու տնտեսական կապերի զարգացումը, ինչպես նաև քննարկել սոցիալական ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Նույն օրն ԱՄՆ Կոնգրեսում տեղի է ունեցել ԼՂՀ անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումը: Հանդիսավոր երեկոն կազմակերպել էին Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը, ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը, Միացյալ Նահանգներում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը և Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն ու Ամերիկայի հայկական համագումարը:

Միջոցառմանը մասնակցել են մի շարք կոնգրեսականներ, ովքեր իրենց ելույթներում շնորհավորել են ԼՂՀ ժողովրդին և միջոցառման մասնակիցներին, անդրադարձել պետականաշինության ժողովրդավարական ընթացակարգերին և անկախ պետականության կառուցման գործում Արցախի ձեռքբերումներին:

Կոնգրեսականների ելույթներում գերակշռում էր Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման անհրաժեշտության շեշտադրումը:

Միջոցառմանը ելույթ են ունեցել նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը և ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: Երեկոյին մասնակցում էին Վաշինգտոնի և մերձակա նահանգների հայ համայնքի ներկայացուցիչներ:

ԼՂՀ անկախության հերթական տարեդարձին նվիրված միջոցառման գլխավոր բանախոսն Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն էր: Իր ելույթում Ա. Ղուլյանը մասնավորապես ընդգծել է, որ Հարավային Կովկասում տևական խաղաղության ու կայունության հաստատման միակ ճանապարհը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստացի անկախության միջազգային ճանաչումն է և անվտանգության միջազգային երաշխիքներով նրան օժտելը: Խորհրդարանի նախագահի խոսքերով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում լավ գիտեն ազատության և այն պաշտպանելու ելած ժողովրդի անվտանգության ու խաղաղության գինը, ինչի համար Արցախը ստիպված է պայքարել ամեն օր:

Հանդիպումներին և միջոցառումներին ԼՂՀ ԱԺ նախագահին ուղեկցում են ԱՄՆ-ում և Կանադայում ԼՂՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը և ԼՂՀ ԱԳՆ միջազգային կառույցների ու հումանիտար համագործակցության վարչության պետ Արմինե Ալեքսանյանը:

Վաշինգտոնյան հանդիպումները շարունակվում են:

Նույն շարքից