Հայաստան 

ԱԺ քառօրյա. օր երրորդ

analitik.am

Ազգային ժողովում մեկնարկեց հերթական քառօրյա նիստի երրորդ օրը: Խորհրդարանը կշարունակի քննարկել Եվրասիական տնտեսակակն միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը:

 

Դեկտեմբերի 2-ի նիստում խորհրդարանը շարունակել է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկումները: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը շարունակել է պատասխանել պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին ԵՏՄ անդամակցությունից հետո ապրանքների հնարավոր թանկացմանը, ապրանքների ներմուծման եւ արտահանման ծավալներին եւ ցանկին, գիտության ոլորտի բարեփոխումներին, ներմուծվող ապրանքների դրույքաչափերին, գործարար միջավայրի բարելավմանը, օտարերկրյա ներդրումների հնարավորությանը, պայմանագրին միանալու նպատակահարմարությանը եւ այլն:

 

Պայմանագրի վերաբերյալ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Նա կարեւորել է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու գործընթացը եւ համոզմունք հայտնել, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցումը կխթանի Հայաստանի տնտեսության աճը եւ նոր հնարավորություններ կբացի: Վարդան Այվազյանը եւս պատասխանել է պատգամավորներին հետաքրքրող հարցերին եւ մտահոգություններին:

 

Պայմանագրի վերաբերյալ եզրակացություն է ներկայացրել նաեւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, որի նախագահ Արտակ Զաքարյանը տեղեկացրել է, որ իր ղեկավարած հանձնաժողովը թեեւ գլխադասային չէ, այնուամենայնիվ, հաշվի առնելով պայմանագրի կարեւորությունը, ԱԺ կանոնակարգի համաձայն քննարկել է այն եւ տվել դրական եզրակացություն: Պայմանագրին կողմ է քվեարկել հանձնաժողովի 11 անդամ, դեմ են եղել 3-ը: Արտակ Զաքարյանի խոսքով՝ պատմական նշանակության այս պայմանագիրը կարեւոր է մեր երկրի համար թե տնտեսական, թե իրավական և թե քաղաքական առումներով:

Նույն շարքից