Բիզնես Քաղաքականություն 

Շվեյցարիայի զարգացման գործակալությունը կշարունակի Հայաստանում իրականացնել գյուղի զարգացման ուղղված ծրագրեր

analitik.am

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր` հունիսի 30-ին, ընդունել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տարածաշրջանային և հայաստանյան գրասենյակների տնօրեններ Ռուդոլֆ Շոխին և Զառա Ալավերդյանին: Հանդիպման նպատակը նշված կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքի և համագործակցության նոր հեռանկարների քննարկումն է եղել: Ինչպես analitik.am-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման սկզբում նախարարը նշել է, որ այսօր մեր երկիրը շարունակում է ընդլայնել և խորացնել  իր հարաբերությունները Եվրոպական միության երկրների և միջազգային կազմակերպությունների հետ:

 

Բարձր գնահատելով կազմակերպության ներդրումը Հայաստանի գյուղատնտեսության զարգացման գործում` նախարար Սերգո Կարապետյանն առանձնապես կարևորել է նշված համագործակցության շրջանակներում իրականացվող Սյունիքի մարզի անասնապահության և Մեղրիի գյուղատնտեսության զարգացման ծրագրերը, որոնց շնորհիվ հնարավոր է եղել իրականացնել կենդանիների որոշ հիվանդությունների հայտնաբերման և կանխարգելման աշխատանքներ, բարձրացնել անասնապահությամբ զբաղվող ֆերմերների մասնագիտական և բիզնես հմտություններ, ինչպես նաև զարգացնել պտղաբուծությունը, մասնավորապես, Մեղրիի տարածաշրջանում:

 

Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության նոր պաշտոնական կայքի ստեղծման գործում շվեյցարական կողմի աջակցության համար:   

 

Պարոն Շոխը նշել է, որ նշված հաջողությունները համատեղ և արդյունավետ աշխատանքի արդյունք են, և որ շվեյցարական կողմն առաջիկայում ևս շարունակելու է Հայաստանում իրականացնել գյուղի և գյուղատնտեսության զարգացման այլ ծրագրեր՝ ավելացնելով թե դրանց ուղղվածությունը, և թե նոր տարածքների ընդգրկումը:

 

Նախարար Սերգո Կարապետյանը միաժամանակ տեղեկացրել է, որ երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման նպատակով շուտով կստորագրվի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Շվեյցարիայի դաշնային խորհրդի միջև գյուղատնտեսության բնագավառում համա­գոր­ծակ­ցության մասին» համաձայնագիր և առաջարկել է նման մի համաձայնագիր ստորագրել նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության միջև, որն ընդունվել է գոհունակությամբ: Նախարարն առաջարկել է նաև Սյունիքի մարզի օրինակով հաջորդ տարվանից հակահամաճարակային միջոցառումներ իրականացնել ամբողջ հանրապետության տարածքում:

 

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի գյուղատնտեսությունում առկա և լուծումներ պահանջող այնպիսի հիմնախնդիրների, ինչպիսիք են գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման ճանապարհով տնտեսությունների խոշորացումը և գյուղատնտեսական ռիսկերի նվազեցումը, որոնց լուծման համար պարոն Շոխը պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել ներկայացվող  առաջարկությունները:

 

Նույն շարքից