ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է աշխատանքային այցով և ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի միջոցառումների շրջանակում Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ԱԺ մամուլի ծառայությունից:
Ողջունելով Վյաչեսլավ Վոլոդինին ՀՀ Ազգային ժողովում՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ սա նշանակալի իրադարձություն է, քանի որ Հայաստանում առաջին անգամ տեղի է ունենում ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի արտագնա լիագումար նիստ:
ԱԺ նախագահն ընդգծել է, որ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովն օրակարգային հարցերի լուծման և կոնսենսուսային որոշումներ կայացնելու արդյունավետ հարթակներից մեկն է:
Արարատ Միրզոյանը նշել է, որ հայկական պատվիրակությունն ակտիվ և հետևողականորեն աշխատում է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում, մշտապես իրականացնում է կարևոր փորձագիտական աշխատանքներ:
Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը հանդիսանում են ռազմավարական դաշնակիցներ, իրականացվում են տնտեսական բազմաթիվ նախագծեր:
Նա նշել է նաև, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը:
Վյաչեսլավ Վոլոդինը շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին՝ ջերմ ընդունելության համար՝ կարևորելով միջխորհրդարանական համագործակցությունը, նաև՝ գործակցությունը միջազգային տարբեր հարթակներում:
Նա ընդգծել է, որ ռուս-հայկական բարեկամական հարաբերություններն ունեն խոր արմատներ:
Ըստ Վյաչեսլավ Վոլոդինի՝ նոյեմբերի 5-ին կայանալիք ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակում կքննարկվեն մի շարք կարևոր օրակարգային հարցեր: