Կրակոցները նոր չեն, իսկ հարցը բազմաթիվ անգամներ բարձրացվել է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու ՀԱՊԿ-ի շրջանակներում չի բարձրացվում Հայաստանի սահմանների վրա ադրբեջանական կրակոցների հարցը, որպեսզի լինի արձագանք կառույցի կողմից:
Սիմոնյանը ենթադրել է, որ այսօրվա նիստերի ընթացքում ևս այդ մասին քննարկումներ կլինեն. «Բայց զարմանալի է, որ մենք պետք է դրա մասին անընդհատ ասենք, որպեսզի ինչ-որ կողմի ինչ-որ ձևով արձագանք լինի մի կառույցում, որը միտված է այդ կրակոցներն ապագայում, ներկայում կանխելուն»:
ԱԺ փոխխոսնակը ճիշտ չի համարում ՀԱՊԿ-ից արձագանքի բացակայությունը, չնայած նրա, որ Հայաստանից դիմում չկա. «Պետական դիրքորոշումն այն է, որ Հայաստանի ուղղությամբ կրակոցներն անընդունելի են»:
Ալեն Սիմոնյանը նշել է, որ կրակոցների թեմայով անձամբ ինքը պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ին. «Ես տեղեկություններ չունեմ՝ Հայաստանը դիմել է, թե՝ ոչ»:
ԱԺ փոխխոսնակը չի պատրաստվում այսօր ևս այդ հարցով դիմել ՀԱՊԿ-ին, քանի որ ֆորմատն այլ հարցի շուրջ է. «Բայց ես վստահեցնում եմ, որ այդ հարցը բարձրացվել է ու դա արվել է ոչ միայն մեր իշխանության ժամանակ»: