Իմ առաջին իսկ հանդիպման ժամանակ այդ հարցը բարձրացվել է, բայց խնդիրը մինչ օրս չի լուծվում: Եթե չեմ սխալվում, նույնիսկ վարչապետն է հարցը բարձրացրել: Նրանց արձագանքը մշտապես նույնն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով ՀԱՊԿ անդամ երկրների կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին:
Սիմոնյանը նշել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չի քննարկվել, այդ մասին նույնիսկ խոսակցություններ չկան. «Ես չեմ կարծում, թե դա ճիշտ է»:
Հարցին, թե ինչպես պետք է լուծվի հարցը, եթե նույնիսկ վարչապետի կողմից խնդրի բարձրաձայնումից հետո այն դեռ կա, Սիմոնյանը նշել է, որ խնդիրը պետք է լուծում ստանա. «Մենք պետք է հասկանանք, որ ՀԱՊԿ անդամ երկրի կողմից մեկ այլ երկրին զենք վաճառելը, որը փաստացի հակամարտության մեջ է գտնվում Հայաստանի հետ, անընդունելի է Երևանի համար: Եկեք պատկերացնենք, թե ինչ կլիներ, եթե Հայաստանը զենք վաճառեր մի երկրի, որը խնդիրներ ունի օրինակ Ռուսաստանի հետ: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ աղմուկ կլիներ: Մենք հիմա արձանագրել ենք, որ խնդիրը կա ու փորձում ենք լուծել այն»:
«Հիմա, երբ հարցը բարձրացվում է, ասում են, որ Հայաստանին նույնպես զենք են տրամադրում՝ դա անելով շատ ավելի լավ պայմաններով: Նաև ասում են՝ եթե իրենք չվաճառեն, ուրիշը դա կանի: Սակայն ինձ համար դա հարցի պատասխան չէ»,-ասել է Սիմոնյանը։