Քաղաքական Բարի օր 

Երևանը չի դիմել ՀԱՊԿ-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա կրակելու հարցով. Զատուլին

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, Երևանում լրագրողների հետ զրույցում ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը, խոսելով Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանի վրա կրակելու ու այդ մասով ՀԱՊԿ-ի արձագանքի մասին, նախ հիշեցրել է, որ նույն Ադրբեջանը վերջերս բողոքի նոտա էր հղել Ռուսաստանին իր՝ Արցախ կատարած այցի համար, ապա ասել, որ այդ թվում նաև այսօր ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովի զեկույցում խոսվել է  հակամարտության գոտում լարվածության մասին. «Կրակոցները, ինչպես ես հասկանում եմ, հնչում են երկու կողմերից»:

Դիտարկմանը, որ խոսքը չի վերաբերում Արցախի սահմանին, այլ վերաբերում է Հայաստանին, Զատուլինն ասել է, որ Հայաստանն իրավունք ունի այդ հարցը բարձրացնել ՀԱՊԿ մյուս անդամների առջև. «Սակայն ես չեմ լսել, որ Հայաստանը նման հարց բարձրացնի: Դուք հիմա հարց եք տալիս, սակայն Երևանը պաշտոնապես չի խոսել այդ մասին»:

Զատուլինը ենթադրել է, որ հնարավոր է Հայաստանը տեղի ունեցածը բավարար հիմք չէ համարում լուրջ արձագանքի համար:

Նույն շարքից