Հասարակություն 

Հայ եկեղեցու պատմություն առարկան որևէ կրոնական համայնքի շահերին չի դիպչում. ԵՊՀ դասախոս

«Հայ եկեղեցու պատմություն առարկան շատերի կողմից սիրելի և ընդունելի առարկա է, և միանշանակ չի կարելի ասել, որ դժգոհություններ, բողոքներ կան»,-Analitik.am-ի հետ զրույցում ասաց Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության ամբիոնի դասախոս, դոցենտ Պարգև Բարսեղյանը:

Ըստ Բարսեղյանի, Հայ եկեղեցու պատմություն առարկան որևէ կրոնական համայնքի շահերին չէ դիպչում կամ վիրավորում:

«Նախ այդ առումով չկա ընդհանուր ուսումնասիրություն, նաև մոնիթորինգ չի արվել, որպեսզի վերջնական եզրահանգումներ լինեն: Եվ պետք է հենց իրենք՝ աշակերտները և դասավանդող ուսուցիչներն այդ հարցի պատասխանը տան»,- ասաց նա և հավելեց, որ Հայ եկեղեցու պատմության առարկայի շուրջ պետք է լինի քննարկող-մասնակիցների հնարավորինս լայն շրջանակ: Նա դեմ է, որ դասագրքում փոփոխություն կատարվի կամ դասագիրքը հանվի մեկ կամ երկու շահագրգիռ խմբերի որոշմամբ:

Բարսեղյանի կարծիքով, Հայ եկեղեցու պատմություն դասագիրքը փոփոխության, վերանայման կարիք ունի, որը վերաբերում է թե՛ ուսումնական ծրագրերին, թե՛ թեմաներին:

«Բոլորը խոստովանում են և համակարծիք են այդ հարցում՝ դասագրքում պետք են փոփոխություններ, սակայն ոչ դասագիրքը դպրոցներից հանելու տարբերակով»,-ասաց նա:

Դասախոսը կարծում է, որ Հայ եկեղեցու պատմության դասագրքի վերանայումը պետք է կատարվի պրոֆեսիոնալ մակարդակով և այդ գործընթացին պետք է մասնակցեն մասնագետներ:

Բարսեղյանի խոսքերով, որոշ գյուղական բնակավայրերում մանկավարժների խնդիր կա, հաճախ այն հանձնում են որևէ ուսուցչի՝ սոսկ դրույք լրացնելու համար, որն ըստ նրա, ճիշտ չէ:

«Պետք է իրականացվի հստակ չափորոշիչներով և կոնկրետ ծրագրով մշակված դասավանդում և վերահսկողութունը պետք է լինի ոչ միայն եկեղեցու վրա, այլ նաև նախարարության, որը պետք է նախաձեռնի և վերահսկի դա»,-շեշտեց ԵՊՀ դասախոսը:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից