Ինձ համար տհաճ է կանգնել այստեղ ու փորձել համոզել, որ ես փախնելու մտադրություն, խոչընդոտելու մտադրություն չունեմ: Դա ընդհանրապես իմ կենսագրությանը չի բռնում: Ընդհանրապես դահլիճի այս հատվածում (Նկատի ունի Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին, Արմեն Գևորգյանին) որևէ մեկը ոչ փախնող է, ոչ խոչընդոտող: Մարդիկ իրենց կյանքում առաջնորդվել են իրենց արժանապատվությամբ և հայրենասիրությամբ: Դա է փաստը: Դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Քոչարյանի խոսքերով, հիմա ով ինչի ասի, միևնույնն է, իրենց կենսագրությունից վերոնշյալը որևէ մեկը չի կարող ջնջել. «Ես ստիպված պետք է կրկնեմ, որ չեմ խոչընդոտելու, որ արդարադատությունից խուսափելու մտադրություն չունեմ: Ես ամենաշատն եմ շահագրգռված արդար դատաքննության մեջ»:
Երկրորդ նախագահը նշեց, որ ինքը որևէ բան չի կարող փոխել, եթե լինի ազատության մեջ, որևէ մեկի վրա չի կարող ճնշում գործադրել, բացի դրանից, դրա անհրաժեշտությունը չկա, շարժառիթ չկա, քանի որ բոլոր ցուցմունքները, բացի մի հոգու ցուցմունքի մի նախադասությունից համապատասխանում են իրականությանը. «Մենք այն տեսակի մարդիկ չենք, որ կարող են ինչ-որ մեկին դիմել մի հարցով, որով կարող ենք ինչ-որ չափով նվաստացնել մեր արժանապատվությունը:
Ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող եմ վկային ասել, որ ցուցմունդ լավը չէ, փոխիր մի քիչ, ռետուշ արա, ամոթից կմեռնեմ: Ես այդպիսի մարդկանց չեմ հանդիպել: Այդ տեսակն ինձ համար անծանոթ տեսակ է: Հիմա Ֆեմիդեայի կշեռքը ձեր ձեռքում է, Դուք պետք է որոշեք»: