Հայաստան 

Մեզնի՞ց եք Արցախը պաշտպանում. Է. Շարմազանով

ԱԺ-ում Հայաստանի՝ ԵՏՄ պայմանագրին միանալու քննարկմանը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բնական համարեց ԵՏՄ-ի անդամակցության քննարկման շուրջ հնչող կարծիքները, ինչպես նաև զգացմունքային գնահատականները, սակայն ոչ բնական՝ իրականության՝ չափից ավելի ուռճացումը, մեղադրանքները, որոնք հնչում են օրվա իշխանությունների հասցեին:

«Նախ ուզում եմ, որպեսզի բոլորդ իմանաք, որ ցանկացած պետության անդամագրվելուց առաջ պետության իշխանությունը ծանր ու թեթև է անում բոլոր պլյուսներն ու մինուսները: Գլոբալ աշխարհում չկա մի գործընթաց, որն իր մեջ ներառի միայն պլյուսներ, չկա նման բան, ուստի որոշում կայացնելուց առաջ պետք է հաշվարկենք պլյուսներն ու մինուսները»,-ասաց նա և խոսեց դրականից, որ անդամակցելով՝ Հայաստանի տնտեսվարողի համար բացվում է շուրջ 170 մլն.-անոց շուկա, Հայաստանը հնարավորություն է ունենում սպառել գազ` սահմանին 189 ԱՄՆ դոլարով, մինչդեռ դրա այլընտրանքը կլիներ 400 կամ 500 ԱՄՆ դոլարը:

«Եթե գազի, նավթի տեղ գիտեք, ասեք իմանանք, չի կարելի պոպուլիզմով զբաղվել»,-նշեց նա և ապա անդրադարձավ անվտանգության հարցին. «ՌԴ մեզ վաճառում է զենք և զինամթերք Ռուսաստանի ներքին գործարանային գներով՝ մի պետության համար, որի համար թիվ մեկ խնդիրը անվտանգությունն է։ Կա՞ այլընտրանք, գիտե՞ք մի պետություն, որը կարող է իր ներքին գործարանային գներով մեր պետությանը տալ զինամթերք, ասեք… չգիտեք, որովհետև չկա»:

 

Անդրադառնալով քաղաքական շեշտադրումներին, թե կորցնում են ինքնիշխանությունն ու ազատությունը, նա նկատեց, թե իրենք անկախությունն ու ազատությունը սրբորեն պահում են: Ըստ նրա, եթե կա ինքնիշխանության կորստի հարց, այդ դեպքում ՆԱՏՕ-ի կամ ԵՄ-ի անդամ բոլոր երկրներն ունեն ինքնիշխանության կորուստ:

«Հաջորդը՝ ասում եք Հայաստանը մեկուսացման մեջ է. մտնում ենք 170 մլն.-անոց շուկա, ի՞նչ մեկուսացման մասին է խոսքը։ Գումարած դրան՝ ԵՄ-ի պաշտոնյաները հայտարարում են, որ մեր առջև դռները չեն փակվում»,-ասաց նա:

 

Վերջում նա անդրադարձավ Արցախի հարցին։ «Մեր գործընկերները խոսեցին Արցախի մասին, մեզնի՞ց եք Արցախը պաշտպանում, Արցախի իշխանությունները հազար անգամ ասել են՝ «մենք դիմում չենք տվել ԵՏՄ մտնելու համար»: Մեր խնդիրն է Արցախի միջազգային ճանաչումը, ասում եք, թե Արցախը՝ Հայաստանն է: Մուշը, Վանը, Էրզրումն էլ են գլոբալ առումով Հայաստան, բայց Արցախը իրավական առումով Հայաստանի Հանրապետություն չէ: Բոլորիս նպատակն է սրբորեն իրականացնել Արցախի ժողովրդի կամքը, այն է՝ Արցախի միջազգային ճանաչումը»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:

Նույն շարքից