Տեսանյութեր Հասարակություն Բարի օր 

Ուսանողները ճիշտ են. Դասախոսները միացել են ԵՊՀ դասադուլին

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում դասադուլ է, որին գործադուլով միացել են նաև դասախոսները: Ակցիայի մասնակիցները բողոքում են նախաձեռնության դեմ, որի համաձայն Հայոց լեզվի և Պատմության դասավանդումը բարձրագույն ուսումնական հաստատություններում պարտադիր չի լինի:

Դասախոսներից մեկը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ակցիան ինքնաբուխ է, որի մասին գոնե ինքն իմացել է այսօր առավոտյան. «Ես քիչ առաջ եմ տեղեկացել: Կարծում եմ, որ ուսանողները ճիշտ են: Հարցը պետք է լայն քննարկման դրվի, պետք է հասկանանք, թե ինչու է այս առարկաների պարտադիր ուսուցումը հանվում: Արդյո՞ք մենք մեր ազգային ինքնությանը չենք վնասում: Եթե քննարկումների արդյունքում պարզվի, որ վնաս չի հասցվում, թող հանեն»։

Դասախոսի խոսքերով, եթե ֆակուլտետներին տրվի ընտրության հնարավորություն, առաջ են մղվելու մասնագիտական առարկաները, հետևաբար օբյեկտիվ պատճառներ կլինեն հայոց լեզուն, գրականությունը, պատմությունը դուրս մղելու համար: Եթե բովանդակային մասով խնդիր կա, կարելի է վերանայել, ծրագրային փոփոխություններ անել, ոչ թե առարկաները հանել»:

Լրագրողների զրուցակիցը նաև նշեց, որ պետք չէ համեմատություններ անել ԱՄՆ-ի, Եվրոպական մի շարք երկրների բուհերի հետ. «Նրանք կարող են ուսուցանել իրենց մայրենի լեզուն, կամ ուսուցանել օրինակ երրորդ կուրսում: Բայց նրանք ազգային ինքնության պահպանության խնդիր չունեն, իսկ մենք ունենք: Կառավարությունը հստակ դիրքորոշում պետք է որդեգրի՝ քաղաքականությունը տանելով մեր ազգային մշակույթները, լեզուն պահպանելու ուղղությամբ»:

Բանասիրականի դասախոսն ասաց, որ ղեկավարության հետ չի խոսել, ներկայանում է որպես դասախոս:

Նույն շարքից