Իշխանություններին կոչ ենք անում մարդկանց պաշտոնի նշանակելուց առաջ հաշվի առնել, ոչ թե այն, թե որքան է քայլել, այլ այն, թե ինչ վաստակ ունի: Արայիկ Հարությունյանի միակ վաստկանն այս պահին Գյումրի-Երևան ավտոճանապարհը ոտքով անցնելն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց հայ բանասիրական ֆակուլտետի ուսանողներից մեկը, ով մասնակցում է այսօրվա ակցիային:
Այս պահին ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում ակցիա է ընթանում ընդդեմ հայոց լեզվի, պատմության և գրականության առարկաների պարտադիր ուսուցումը բուհական ծրագրերից հանելու նախագծի: Ուսանողները նաև ստորագրահավաք են անում՝ պահանջելով հեռացնել նախագիծն, պահանջում են նաև նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Ստորագրահավաքին միացել է արդեն ավելի քան 500 ուսանող։
Ուսանողի խոսքերով, եթե Հարությունյանը չլսի իրենց ձայնը, ստիպված կլինի ինչպես քայլելով եկել է, այնպես էլ քայլելով ետ գնալ:
Լրատվամիջոցների զրուցակիցը նշեց, որ իրենց չի գոհացնում նախարար Հարությունյանի աշխատանքը՝ խոսելով նաև Հանրապետության հրապարակի մոտ տեղի ունեցած հայտնի ներկայացման մասին. «Ասում են, որ արվեստ է, հիմա եթե ինչ-որ մեկը փողոցում միզի ու ասի, որ արվեստ է, պետք է նայե՞նք դրան: Նա էլ կասի, որ միզելու արվեստ է»:
Ուսանողը խոսեց նաև նախարարի հետ հանդիպման մասին՝ հայտարարելով, որ դա էլ կլինի. «Մենք փողոցներ չենք փակում, ուղղակի մեր բուհում ակյցիա ենք անում ու հույս ունենք, որ նախարարը կլսի մեր ձայնը»:
Ուսանողը հայտարարեց, որ իրենց ակցիան ուղղորդված չէ. «Մենք ուսանողներով ենք որոշում կայացրել, դասախոսներին տեղյակ ենք պահել, նրանք մեր մտահոգությունը կիսում են»: