Այս պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի առջև տեղի է ունենում բողոքի ակցիա։ Ակցիայի մասնակիցները պահանջում են Երևանի ավագանու ՔՊ-ական անդամ, համանուն խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցին զրկել Երևանի ավագանու անդամի կարգավիճակից։
Հիշեցնենք, որ Խաչունցը հանրությանը հայտնի դարձավ օրեր առաջ մետրոյում աղմուկ բարձրացրած ներկայացումից հետո:
Ակցիայի մասնակիցների խոսքերով, եթե Խաչունցը հեռացվի, կնշանակի, որ Նիկոլ Փաշինյանը գտնվում է հավասարակշիռ վիճակում, կարողանում է տարբերել թացը չորից. «Նա պետք է մերժի այլասերությունը: Մենք պահանջը կարող ենք ներկայացնել նաև քաղաքապետին, սակայն դա չենք անում, քանի որ նա ու ավագանու անդամներն առաջադրվել են հենց Փաշինյանի կողմից, ում շնորհիվ էլ ստացել են 81 տոկոս վստահության քվե»։
Ակցիայի մասնակիցներից Աղեկյանի խոսքերով, Փաշինյանը պետք է պահանջի ու հեռացնի Հասմիկի Խաչունցին, ով այլասերություն է ներմուծում ավագանի. «Սա նշանակում է, որ մենք փչացնում ենք ավագանին: Ավագանին իր վարքով ու բարքով պետք է օրինակ հանդիսանա բոլորի համար, իսկ մենք չենք ուզում որպես օրինակ ունենալ մի մարդու, ով կարող է օրը ցերեկով փողոցներում կլանչել:
Այո, տիկին Խաչունց, Դուք կլանչում էիք:
Ես նաև նայել եմ ավագանու նիստերը, երբ նա արհամարհանքով խոսում է ցեղասպանության զոհերի մասին: Սա նշանակում է, որ նա մերժում է մեր ազգային ավանդույթները, հայկական արժեքները: Դրա համար էլ նա պետք է մերժվի: Խաչունցը Նիկոլ Փաշինյանի պատիվը գետնով չտալու համար պետք է հրաժարականի դիմում ներկայացնի»:
Աղեկյանի խոսքերով, եթե Նիկոլ Փաշինյանը չհեռացնի Խաչունցին, դա կնշանակի, որ քաղաքացիներն օրեր անց Երևանի փողոցներում զբոսնելիս կարող են հենց Հանրապետության հրապարակում տեսնել Նիկոլ Փաշինյանին, կառավարության անդամներին, ովքեր Հասմիկ Խաչունցի ձեռքը բռնած դրամաշնորհներ վատնելով թավալագլոր կգան հուշակոթողների վրա։