Տեսանյութեր Քաղաքական 

Հայաստանի նաև այս կառավարությունը դիրքավորվել է որպես հակառակորդ, ոչ թե գործընկեր. Գիտությունների դոկտոր

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում այսօր՝ նոյեմբերի 6-ին, կազմակերպվել է քննարկում՝ «Գիտության ֆինանսավորման հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով:

Քննարկման ժամանակ գիտությունների դոկտոր Արթուր Իշխանյանը հայտարարեց, որ Հայաստանում գիտության բացերը շատ են. «Մեր գիտությունը գտնվում է կոմայի մեջ ու գնում է մահվան: Անկախությունից ի վեր գիտությունը պահվել է նվազագույն ֆինանսավորման գոյատևման ռեժիմում: Արդյունքում մենք ունենք գիտնականների թվի սարսափելի կրճատում, գիտության ընդհանուր ծերացում, ենթակառուցվածքները մաշված են, գիտական հանրությունը՝ հոգնած»:

Իշխանյանը նշեց, որ այսպիսի քննարկումներ շատ են եղել. «Առաջարկներն ամեն տարի հնչում են, ակադեմիան հանդես է գալիս առաջարկներով, գիտության կոմիտեն հրաշալի տիրապետում է ողջ ինֆորմացիային, ինքը ևս տարատեսակ առաջարկներ է անում: Այդուհանդերձ գիտությունը գտնվում է վատ մակարդակում, ինչը նշանակում է, որ ինչ-որ մակարդակում բարիկադներ կան, որի մյուս կողմում հակառակորդն է, ով այդ ամենին ընթացք չի տալիս: Հակառակորդն անուն ունի՝ մեր կառավարությունը, բոլոր կառավարությունները: Մեր բոլոր կառավարությունների արդյունքը մեկն է՝ այն, ինչ ունենք»:

Իշխանյանը կարծում է, եթե կառավարությանը պետք է բացատրել գիտության կարևորությունը, ոչինչ չարժե. «Չի կարելի ստանձնել ոլորտի պատասխանատվությունը՝ չգիտակցելով դրա կարևորությունը: Նաև այս կառավարությունն իրեն դիրքավորել է որպես հակառակորդ, ոչ թե գործընկեր: Հիմա գիտնականներն առաջարկներ չպետք է անեն, մենք պետք է պահանջենք, որ կառավարությունն ապահովի ֆինանսներով, տնտեսություն զարգացնի, իսկ մենք արդյունք տանք»:

Նույն շարքից