Իր կյանքի վերջին մի քանի ամիսների ընթացքում ԻՊ ահաբեկչական խմբավորման սպանված առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին վախեցել է դավաճաններից, թաքնվել ստորգետնյա թունելներում և երբեմն շրջել է հովիվի հագուստով: Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Գործակալության տեղեկություններով՝ ահաբեկիչը ստրկության մեջ է պահել քրդական էթնիկ խմբից մի դեռահաս աղջկա, ով ազատ է արձակվել մայիս ամսին, ԱՄՆ-ի կողմից իրականացվող օպերացիայի ժամանակ։ Նա ասել է, որ ԻՊ առաջնորդը տեղաշարժվել է 7 աջակիցների հետ, և մի քանի ամիս առաջ իր լիազորությունների մեծ մասը փոխանցել է ավագ տեղակալին։
Ստրկուհու խոսքերով, առաջին անգամ ալ-Բաղդադին փորձել է փախչել Սիրիայի Իդլիբ նահանգ 2017 թվականի վերջին: Աղջիկը պատմել է, որ մեկ անգամ ԻՊ առաջնորդի և նրա կնոջ հետ միասին տեղափոխվել է այլ նահանգ, սակայն հարձակման ենթարկվելու վախի պատճառով ետ են վերադարձել: Դրանից հետո նա 4 ամիս գտնվել է Դաշիշ քաղաքում ալ-Բաղդադիի աներոջ և նրա ամենամոտ դաշնակից Աբու Աբդուլլահ ալ-Զուբայեի տանը: Նրա խոսքերով, ԻՊ առաջնորդը հաճախ է այցելել այնտեղ և բռնաբարել իրեն: 2018 թվականի գարնանն աղջկան նվիրել են մեկ այլ տղամարդու, որը նրան քաղաքից դուրս է հանել. Դա վերջին անգամ է եղել, երբ նա տեսել է Ալ-Բաղդադիին:
Ենթադրվում է, որ դրանից հետո Ալ-Բաղդադին Սիրիայի արևելքում տեղից տեղ է տեղափոխվել, նյարդային է եղել և դժգոհել դավաճաններից: Բացի այդ, գործակալության աղբյուրները հայտնել են, որ ԻՊ առաջնորդն անընդհատ կրել է ինքնասպանության գոտի, ստիպել է իր աջակիցներին նույնն անել և չի օգտագործել բջջային հեռախոս:
Նշվում է, որ ալ-Բաղդադին տառապել է շաքարախտից և մշտական սթրեսն ավելի է բարդացրել հիվանդությունը. Նա անընդհատ ստիպված է եղել վերահսկել արյան մեջ շաքարի քանակը և ինսուլին ընդունել: Դրա պատճառով մահմեդականների համար Ռամադանի սուրբ ամսվա ընթացքում նա չի կարողացել ծոմ պահել և արգելել է դա անել իր համախոհներին։
ԱՄՆ կառավարության աղբյուրները հայտնել են, որ չեն իմացել, թե երբ է Բաղդադին ժամանել Իդլիբ, բայց նշել են, որ վերջինս ընտրել է այդ վայրը, քանի որ դա միակ տարածքն է, որը չի վերահսկվում Սիրիայի կառավարության կողմից: