Ես արհեստական եմ համարում երկու առարկա առանձնացնելն ու մյուսների մասին չխոսելը, քանի որ այդ երկու առարկաներն օրենքի ուժով են ներմուծված, իսկ կան էլի առարկաներ, որոնք կառավարության որոշումով են պարտադիր դարձել: Դրանց մասին կարծես թե չեն խոսում: Եթե այդ բոլորը գումարում ենք, բավականին շոշափելի առարկայացանկ է լինում, որը պարտադիր է:
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը՝ խոսելով այն մասին, թե ինչ դիրքորոշում ունի ինքը նախագծի վերաբերյալ, որի համաձայն Հայոց լեզուն, Գրականությունն ու Պատմությունը բուհերում պարտադիր ուսուցումից հանվելու են:
Գևորգյանի խոսքերով, բացի նշյալ առարկաներից են Բնապահպանությունը, Ֆիզկուլտուրան, Քաղպաշտպանությունը, Իրավագիտությունը. «Եթե բոլորը գումարում ենք, շոշափելի տոկոս է կազմում: Իհարկե ես մնացած առարկաները հայագիտական առարկաների հետ նույն հարթության վրա չէի դնի, սակայն այսօրվա կարգերով դրանք նույն հարթության վրա են:
Հիմա նախագծով առաջարկում են պարտադիր ուսուցումից հանել բոլոր առարկաները:
Ի դեպ, դպրոցում ևս օրենքի ուժով չկան պարտադիր ուսուցման առարկաներ։
Նույն Հայոց լեզուն, Հայ ժողովրդի պատմությունը, Մաթեմատիկան և մյուս առարկաներն ամրագրված են կառավարության ընդունած չափորոշիչներով և կրթական ծրագրերով:
Օրենքի ուժով Հայոց լեզուն դպրոցում պարտադիր չէ:
Ես նախաձեռնողներին հարց տվեցի, թե ինչու չեն ուզում դպրոցում ևս օրենքի ուժով պարտադրել այդ առարկաները: Բոլորը զարմացան, որ նման բան չկա»: