ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հանդիպումը դասախոսական կազմի ու ուսանողների հետ ավարտվել է: Հանդիպման ընթացքում քննարկվել է նախագիծը, որով բուհերում Հայոց լեզու և Գրականություն, Հայ ժողովրդի պատմություն առարկաների պարտադիր ուսուցումը հանվելու է:
Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Գևորգյանը նշեց, որ հանդիպումը փակ չի եղել, ուղղակի լրագրողները չեն հրավիրվել, քանի որ տեղ չի եղել: Բացի դրանից էլ, քննարկում է եղել, որից հետո բոլորը կարող են ասել, թե ինչ են խոսել՝ լինելով անկեղծ ու ազնիվ:
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք ինքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարգադրությամբ է հանդիպել դասախոսների և ուսանողների հետ, ռեկտորի պաշտոնակատարը նշել է, որ վերջինիս հետ վերջին անգամ խոսել է ԵՊՀ-ի 100 ամյակին նվիրված հոբելյանական նիստին. «Դրանից հետո ես նրան ոչ միայն չեմ տեսել, այլ նաև չեմ խոսել, հեռախոսով կապ հաստատելու հնարավորություն էլ չունեմ: Որևէ մեկն ինձ չի հրահանգել գալ հանդիպման: Ես առավոտյան եմ իմացել իրադարձությունների մասին, դրանից հետո որոշել եմ գալ ու հանդիպել»: