Հայաստան 

ՀՀ քաղավիացիան կհամագործակցի մի շարք երկրների ավիացիոն իշխանությունների հետ

analitik.am

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության համատեղ պատվիրակությունը, վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի գլխավորությամբ, 2014 թվականի նոյեմբերին այցելել է Ինդոնեզիա` մասնակցելու Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) հովանու ներքո կազմակերպվող Օդային հաղորդակցությունների շուրջ բանակցությունների կոնֆերանսին (ԻԿԱՆ/2014): Կոնֆերանսի շրջանակներում հայկական պատվիրակությունն օդային հաղորդակցությունների շուրջ երկկողմանի հանդիպումներ է անցկացրել Եվրամիության պատվիրակության և 13 պետությունների քաղաքացիական ավիացիոն իշխանությունների պատվիրակությունների հետ: Այդ երկրների թվում են Լեհաստանը, Իսլանդիան, Նիդերլանդները, Ավստրալիան, Շվեյցարիան, Մեծ Բրիտանիան, Հունաստանը, Սինգապուրը, Կատարի Պետությունը, Թաիլանդը, Քուվեյթի Պետությունը, Նորվեգիան և Հորդանանը:

 

Հանդիպումների ընթացքում յուրաքանչյուր պատվիրակությանը հայկական կողմը մանրամասն ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2013-2014 թվականներին որդեգրած օդային ոլորտի ազատականացման քաղաքականությունը: Հայկական պատվիրակության հետ երկկողմ բանակցություններին մասնակցող բոլոր պատվիրակությունները համաձայնվել են ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման համար ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը, որոնք նախատեսված են յուրաքանչյուր կողմի ներպետական ընթացակարգերով: Ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ երկրների մեծ մասի հետ ստորագրվել են համապատասխան փաստաթղթեր:

Նույն շարքից