Աշխատավարձը, որը ստանում են ԵՊՀ դասախոսները, չի համապատասխանում նրանց կատարած աշխատանքին: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը՝ նշելով, որ աշխատավարձերի հարցը շատ ցավոտ հարց է. «Բայց երբ խոսում ենք աշխատավարձերի մասին, պետք է խոսել այն մասին, որ այն առաջանում է հիմնականում ուսման վարձից»:
Գևորգյանի խոսքերով, եթե խոսենք այլ ծախսերի պակասեցման մասին, որի հաշվին հնարավոր կլինի բարձրացնել աշխատավարձը, պետք է նշել, որ դա ևս էական նշանակություն չի ունենա․ «Այսօր մեր աշխատավարձի ֆոնդը տատանվում է 65-70 տոկոսի մեջ: Եթե մի պահ ենթադրենք, որ մենք լույսի, ջրի, գազի փող չենք տալիս, նստարան, տարածքներ չենք վերանորոգում, որևէ բան չենք անում, միայն ստացածը տալիս ենք աշխատավարձին, այն կավելանա 1,5 անգամ: Սակայն հնարավոր չէ որևէ բան անել ու միայն աշխատավարձ տալ:
Ենթադրենք, որ համալսարանի ղեկավարությունն ի դեմս ինձ շատ ապաշնորհ է և աշխատավարձից բացի մյուս ծախսերը հնարավոր է անել 2 անգամ ավելի քիչ գումարով: Այդ դեպքում աշխատավարձն ամենաշատը կավելանա 20 տոկոսվ: Դա էլ ելք չէ: Հնարավոր է, որ ժամանակավոր հարցի լուծում լինի, սակայն մի քանի տարի հետո չենք ունենա նորմալ լուսավորություն, գույք և այլն: Ելքը մնում է ծառայությունների գինը բարձրացնելը: Իսկ մեր մատուցած ծառայությունը կրթական ծառայությունն է: Իրատեսական չէ չբարձրացնել ուսման վարձերը և խոսել աշխատավարձերը բարձրացնելու մասին»,-ասաց Գևորգյանը:
Ինչ վերաբերում է նրան, որ մարդկանց ձեռքը փող չկա, չեն կարող վճարել, Գևորգյանը նշեց, որ ժողովրդի մի մասը սիրով 1,5-2 միլիոն տարեկան ուսման վարձ է վճարում Ամերիկյան համալսարանում, 1,8 միլիոն՝ Մոսկվայի պետհամալսարանի մասնաճյուղում, որտեղ դասավանդում են էլի մեր դասախոսները. «Ես հասկանում, եմ, որ ԵՊՀ-ն նաև պետական քաղաքականություն տանող բուհ է, դրա համար մենք պարտավոր ենք որոշ մասնագիտություններ թեկուզ վնասով պահել: Որպես օրինակ կարող եմ նշել երկրաբանության մասին: Երկրաբան պատրաստելը բավականին թանկ է:
Երկիրը չի կարող չունենալ նաև ֆիզիկոսներ և քիմիկոսներ, որոնք թանկ մասնագիտություններ: ԵՊՀ-ն դրանք մինուսով է պահում:
Ես պատրաստվում են գիտխորհրդի քննարկմանը դնել ուսման վարձերի բարձրացման հարցը: Այս վարձերով հնարավոր չէ համալսարանը պահել: Ուսման վարձերն իմ պլաններով կբարձրանան միջինը 15 տոկոսով, ինչի շնորհիվ սեպտեմբերից աշխատավարձերը 10 տոկոսով կբարձրանա: Թե ինչու 10 տոկոսով, ոչ թե 15, որովհետև բարձրանալու է միայն առաջին կուրսեցիների ուսման վարձը»:
«Եթե ես լինեմ ռեկտոր, շարունակելու եմ բարձրացնել ուսման վարձերը՝ դրանք բերելով խելամիտ սահմանների, որպեսզի արդյունավետ կառավարումով կարողանանք մարդկանց աշխատավարձերը շոշափելի բարձրացնել: Շոշափելի բարձրացում կհամարեմ այն, եթե երիտասարդ մասնագետը գա ու ուզենա աշխատել ԵՊՀ-ում: Եթե մենք ուսման որակը չբարձրացնենք, ուսանողները չեն գա»: