Հասարակություն 

Բանասիրականի դեկանը՝ Հայոց լեզու և Գրականություն, Հայ ժողովրդի պատմություն առարկաների պարտադիր ուսուցումը հանելու մասին

Հիմա դրա ժամանակը չէ, գուցե հետագայում, տարիներ հետո այդպես լինի, սակայն դա կլինի այն դեպքում, եթե դպրոցը բարձրանա, տա համապատասխան գիտելիքներ: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը՝ խոսելով Հայոց լեզու և Գրականություն, Պատմություն առարկաների պարտադիր ուսուցումը բուհերից հանելու նախագծի մասին:

Ավագյանի խոսքերով, պետք չէ հակառակն անել՝ պարտադիր ուսուցումը հանել բուհերից ու սպասել, թե ինչ մակարդակ կտան դպրոցները:

Հարցին, թե ինչ խնդիրներ կլինեն, եթե նախագիծն ամեն դեպքում ընդունվի, դեկանը նշեց, որ հիմա չի կարող ասել:

Ավագյանը հայտնեց, որ համապատասխան տեքստով ու ստորագրությունով դիմելու են պատկան մարմնին՝ խոսելով նախագծի թերությունների մասին, որոնք պետք է շտկվեն. «Դասախոսներն արդեն նման ստորագրահավաք ու տեքստ ունեն, ռեկտորի պաշտոնակատարի հետ հանդիպումից հետո ուսանողներին առաջարկվեց, որ նրանք էլ տեքստ կազմեն ու ստորագրահավաք հանձնեն, որը կկցվի դասախոսների տեքստին»:

Դեկանի խոսքերով, նմանատիպ փորձ նախկինում էլ է եղել, և փորձը ցույց է տվել, որ հայագիտական առարկաները շատ ֆակուլտետներից վռնդվել են. «Երբ թողնում ես կամընտրական, հաստատ ուսանողների 90 տոկոսը չեն գնա այս կամ այն առարկայի դասաժամերին: Շատ ֆակուլտետներում դուրս կմղեն հայագիտական առարկաները՝ դրա փոխարեն ավելացնելով մասնագիտական առարկաները»:

Նույն շարքից