Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին որոշումը ստանում է հայ հասարակության մեծ մասի աջակցությունը: Ազգային ժողովում Եվրասիական տնտեսակակն միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: «Այստեղ ես ցանկանանում եմ մի մասնավորեցում անել, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության նկատմամբ հասարակության դրական վերաբերմունքը նախևառաջ վերաբերմունք է հայ-ռուսական հարաբերությունների հետայսու խորացման նկատմամբ: Եվ Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ հասարակաության ունեցած տեղեկատվությունն այնքան էլ ամբողջական և խորը չէ»,- նշեց Ֆարմանյանը:
Նա ընդգծեց, որ ԵՏՄ-ում Հայաստանը շատ երկար ճանապարհ ունի անցնելու, որտեղ շատ բան կախված է Հայաստանի կառավարությունից: «Առաջին հերթին շատ կարևոր է, որպեսզի մեր կառավարությունը քայլեր ձեռնարկի Հայաստանում տնտեսությունն ավելի շուկայական դարձնելու, նոր ներդրումներ ներգրավելու և բարենպաստ բիզնես-միջավայր ստեղծելու համար: Այս առումով կառավարությունը պետք է լուրջ աշխատանք տանի հայաստանյան գործարար շրջանակների հետ»,- նշեց նա:
Ֆարմանյանը նշեց, որ կարիք չկա քննարկումների ընթացքում գերագնահատել այս որոշման նշանակությունը: «Պետք է նկատի ունենալ, որ տեղի ունեցածը մի ժամանակավոր հանգրվան է՝ վերջին երկու տասնամյակների ընթացքում մեր երկրում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների օբյեկտիվ հետևանք: Նաև ցանկանում եմ նշել, որ ցանկացած փոքր պետության`առավել ևս պատմական ծանր բեռ ունեցող և աշխարհքաղաքական նման միջավայրում գտնվող պետության առջև, ինչպիսին Հայաստանն է, հառնելու է այս կամ այն միության հետ դաշնակցելու խնդիրը: Սակայն պետք է նկատի ունենալ, որ ցանկացած միության և պետության հետ դաշնակցությունը ժամանակավոր մի միջոց է՝ առաջ մղելու մեր ազգային շահերը, և այս հարցում տաբուներ չկան և լինել չեն կարող»,- ընդգծեց պատգամավորը:
Պատգամավորը նաև նկատեց, որ պետք չէ ծայրահեղական գնահատականներ տալ ԵՏՄ-ին անդամակցելու որոշմանը: Ֆարմանյանի խոսքով՝ հայ ժողովուրդը քաղաքակրթական ընտրություն կատարելու առջև կանգնած չէ, ինչպես շատերը փորձում են ներկայացնել: «Հայ ժողովուրդն իր պատմությամբ և մշակույթով կանգնած է եվրոպական արժեքների ակունքներում: Այստեղ քննարկելու հարց էլ չկա, Հայաստանը քաղաքակրթական ընտրություն չի կատարում»,- ընդգծեց պատգամավորը:
Եզրափակելով ելույթը` Ֆարմանյանը կարծիք հայտնեց, որ Ազգային ժողովը վստահում է ՀՀ նախագահի կայացրած որոշմանը՝ նախևառաջ նկատի ունենալով անվտանգության վերաբերյալ փաստարկները: Միևնույն ժամանակ, պատգամավորը կոչ արեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը չդիտարկել որպես հայ ժողովրդի փրկության ճանապարհ: