ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանն իր էջում գրում է.
ԿԳՄՍ նախարարության դիմաց դաշնակցական երիտասարդների իրականացրած ակցիայի մասին Արայիկ Հարությունյանն ասում է՝ «Ի դեպ, բողոքում եք նախարարության աշխատանքից, ահագին դաշնակ վարչության պետ ունեք, էսօր, երբ արկղերը բերել էիք, հետներդ տանեիք: Բայց ի տարբերություն Ձեզ, երբ ուր մտնում էիք, ոհմակային սկզբունքով «չիստկա» էիք անում, ես, որպես պետականություն հարգող մարդ, ինստիտուտը չքանդեցի` հանելով բոլոր ձեր կուսակցականներին»:
Պարոն նախարարը, ով օրենքը շրջանցելով՝ բյուջեից 1.5 միլիոմ դրամ աշխատավարձ է ստանում սերունդ կրթելու և դաստիարակելու համար, փաստորեն տարրական բարեկրթության ու աշխատանքային էթիկայի խնդիր ունի: Պարոն նախարարը մինչև հիմա չգիտի, որ վարչության պետերը մրցույթով ընտրված քաղծառայողներ են և ոչ քաղաքական պաշտոնյաներ, որ ում ուզես, երբ ուզես՝ նշանակես կամ ազատես: Ի վերջո, եթե պարոն նախարարն իմանար աշխատանքային էթիկան ինչ է, ապա իր իսկ ենթակաների, իր բառապաշարով ասած՝ «դաշնակ վարչության պետերի» մասին հրապարակավ այդպես չէր արտահայտվի:
Վերջիվերջո նույն շենքում միասին աշխատում եք, վերջիվերջո՝ Ձեր ենթականերն են, այդ ինչ արտահայտվելու ձև ու տոն է: Համենայն դեպս, խիստ զարմանալի է. երկար տարիներ աշխատելով ԵՊՀ-ում՝ պարոն նախարարի հետ իր վերադասները երբեք այդպես չեն վարվել, նրա մասին երբեք այդպես չեն խոսել, նման վերաբերմունքի չեն արժանացրել ու նման օրինակ չեն ծառայել: Զարմանալի է՝ որտե՞ղ է սերտել իր իսկ աշխատակիցների հետ նման տոնով հարաբերվելու «մշակույթը»»: