Մենք 1000 ընտանիքի փողը տալիս ենք, անասունը տալիս ենք, կերը տալիս ենք, էն ականջի դրոշմելու բանը տալիս ենք, խորհրդատվությունը տալիս ենք ու մարդկանց ասում ենք, որ դրանով հնարավորություն ենք ստեղծում, որպեսզի նրանք աշխատեն ու իրենց աշխատանքով հաղթահարեն իրենց աղքատությունը: Կառավարության նիստում Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի (հարց համար 32) քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքերով, դա շատ կարևոր քայլ է աղքատության հաղթահարման ճանապարհին. «Սա աղքատության հաղթահարման մեր քաղաքականությունն է: Աղքատությունը հաղթահարելու այլ տարբերակ, քան աշխատանքն է, ուղղակի գոյություն չունի: Չի կարող լինել աղքատությունը հաղթահարելու այլ տարբերակ:
Իհարկե ռազմավարական առումով մենք պետք է աղքատության հաղթահարման առաջնային գործիք համարենք կրթությունը, որովհետև կրթությունն է տալիս մրցունակություն: Սակայն մենք պետք է հստակ արձանագրենք, որ դիպլոմը դեռևս կրթություն չէ:
Այս հարցի լուծումն է, որ պետք է լինի ԿԳՄՍՆ-ի գործունեության առաջնահերթությունը: Պարզ է, որ այս հարցի լուծումն առաջացնելու է դիմադրության բազմաթիվ դեպքեր, քանի որ սա հարվածում է բազմաթիվ դիպլոմ ունեցող ու դիպլոմ տվող մարդկանց գործունեությանը»:
Փաշինյանի խոսքերով, սկսած նախակրթարանից քաղաքացիներին պետք է բացատրել ազնիվ աշխատանքի կարևորությունը. «Բոլոր նրանք, ովքեր բարեկեցություն են հաստատել հանցավոր ճանապարհով, պետք է զրկվեն նման հնարավորությունից»: