Քաղաքական 

Հայաստանում այսօր սակավագիտության և բացամտության պայքար է տեղի ունենում. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում այսօր սակավագիտության և բացամտության պայքար է տեղի ունենում: Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Մարդկանց անընդհատ ինչ-որ անհեթեթ վախեր ներշնչելով, օգտվելով մարդկանց տեղեկացվության պակասից, ինչ-որ կեղծ կարգախոսներ դնելով շրջանառության մեջ՝ փորձում են վախեցնել: Եթե որևէ մեկին թվում է, թե դրանով կարող են վախեցնել մեզ, իրենք սխալվում են: Նրանք հանրությանը որևէ բան ներշնչելու շանս չունեն, քանի որ հանրության կողմից մերժված են ու մղված են լուսանցքից, որտեղ երբեք դուրս չեն գալու»:

Փաշինյանի խոսքերով, կարևոր է, որ պրոցեսի ընթացքում պաշտոնյաները հանրության հետ մշտապես լինեն երկխոսության մեջ. «Մենք պետք է նաև ընդունենք, որ մեր մեղքով հանրությունն ամենայն մանրամասնությամբ չի ընկալում, թե մենք ինչ ենք անում և ինչի համար: Մենք պետք է ապահովենք, որ մեր գործունեության վերաբերյալ թյուրըմբռնումներ, թերտեղեկացվածություն չլինի: Մարդիկ պետք է տեսնեն, թե մենք ինչ ենք անում և ինչու, ինչու է դա անհրաժեշտ»:

Վարչապետը հայտարարեց, որ այսօր իշխանության մեջ չեն լինելու մարդիկ, ովքեր կշրջեն ու ձեթ, բրինձ կբաժանեն մարդկանց. «Ձեթը բաժանել են ոչ թե աղքատությունից ազատելու, այլ աղքատության մեջ պահելու համար, որպեսզի հաջորդ ընտրություններում մարդկանց ձեթով ու բրնձով տանեն, քվեարկություն անել տալ: Այդ պրակտիկան Հայաստանում ավարտված է»:

Փաշինյանը հայտարարեց, որ վերոնշյալի փոխարեն իրենց կառավարությունը հնարավորություններ է ստեղծում աշխատելու ու սեփական աշխատանքով աղքատությունը հաղթահարելու համար: Կառավարության ղեկավարը նաև կարևորեց պատշաճ կրթությունը՝ նշելով, որ միայն դա է հնարավորություն տալու մրցունակ լինել:

Նույն շարքից