Նախ ուզում եմ դիմել ոչ հայաստանցի դաշնակցականներին, նրանց ղեկավարությանը, որպեսզի տեր կանգնեն իրենց կուսակցությանը, քանի որ այն անդաստիարակ պահվածքը, որը դրսևորում է Դաշնակցությունը, պատիվ չի բերում մեր ամենահին կուսակցություններից մեկին: Ես կարծում եմ, որ Դաշնակցությունը հատկապես նախորդ տարվա իրադարձություններից հետո այլ կեցվածք պետք է ընդուներ՝ հասկանար, թե ինչու մերժվեց հասարակության կողմից, փոխեր անձերին, որովհետև նրանք տապալում են Դաշնակցությանը: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Նշենք, որ Դաշնակցությունն ակցիա է սկսել՝ պահանջելով նախարար Հարությունյանի հրաժարականը: Դաշնակցականները հայտարարել են, որ սկսում են երթ և նստացույց, կաթվածահար են անելու Արայիկ Հարությունյանի ղեկավարած նախարարության աշխատանքները:
Հարությունյանի խոսքերով, ինքը գործուղումների ժամանակ պարտադիր հանդիպումներ է ունենում այդ թվում նաև դաշնակցականների հետ, որոնք ադեկվատ են, պատրաստ են կառուցողական աշխատանքի, ինչը Հայաստանում չկա:
Նախարարը կարծում է, որ Հայաստանի Դաշնակցականները կապված են նախկին իշխանությունների հետ և փորձում են արհեստական խնդիրներ ստեղծել. «Ինչո՞ւ նրանք սկսեցին աղմկել հատկապես կրթության ոլորտի բարեփոխումներից հետո: Դա արեցին, քանի որ նրանք տապալել են այս ոլորտի համակարգումը: Ես պատրաստվում եմ նրանց բերած արկղերը լցնել քրեական գործերով և վերադարձնել նրանց»: