Հայաստան 

ՕԵԿ-ը կողմ կքվեարկի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրին, «Ժառանգություն»-ը՝ դեմ

Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցությունը կողմ կքվեարկի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրին: Այս մասին Ազգային ժողովում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: «Դեռևս սեպտեմբերի 3-ին, երբ հայտարարվեց, որ Հայաստանը անդամակցելու է Մաքսային միությանը, «Օրինաց երկիր» կուսակցությունը հանդես եկավ հայտարարությամբ, որում մենք նշեցինք, որ այդ որոշումը բխում է Հայաստանի շահերից բոլոր առումներով: Այսօր մենք խորհրդարանում քննարկում ենք մի պայմանագիր, որը շատ կարևոր նշծանակություն ունի մեր երկրի հետագա զարգացման համար»,- նշեց Բիշարյան:



Նա ընդգծեց, որ Հայաստանի համար ԵՏՄ-ին անդամակցումը քաղաքական, տնտեսական և անվտանգության օրակարգային հարց է, հետևաբար հասարակությունը սպասումներ ունի այդ անդամակցությունից, իսկ զգալի մասը՝ դրական սպասումներ: «Հետևաբար, անդամակցելով ԵՏՄ-ին, Հայաստանը պետք է արդյունավետ օգտագործի իր հնարավորությունները: Կարծում եմ, որ սա նաև հասարակական պահանջ է»,- ընդգծեց Բիշարյանը:

Բիշարյանն ասաց, որ Հայաստանի համար շատ կարևոր է նաև Վրաստանի հետ ազատ առևտուրը՝ կարևորելով այն հանգամանքը, որ ԵՏՄ անդամակցությամբ Հայաստանը շարունակելու է հարևան Վրաստանի հետ ազատ առևտուր իրականացնել: «Կարևոր է նաև այն հանգամանքը, որ Հայաստանը պահպանելու է տնտեսական սերտ հարաբերությունները հարևան Իրանի հետ»,- նշեց նա:


«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն էլ իր ելույթում նշեց, որ իրենք ի սկզբանե դեմ են եղել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, և խմբակցությունը դեմ է քվեարկելու համապատասխան պայմանագրին:

Նույն շարքից