Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կոչ է արել պատժել այն քաղաքացիներին, ովքեր համացանցում վիրավորում են որևէ մեկի պատիվը։ Այս մասին հայտնում է Լենտան։
Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Կադիրովն ասել է՝ եթե այն մարդկանց, ովքեր խախտում են պայմանավորվածությունները, զբաղվում են բամբասանքներով, վեճերով, չսաստեն սպանելով, կալանավորելով, վախեցնելով, ուրեմն ոչինչ չի ստացվի:
Դրա համար, ըստ Կադիրովի, պետք է «բացահայտել» նրանց, ովքեր համացանցում, մեկնաբանություններում վիրավորում են ուրիշի պատիվը:
Չեչնիայի ղեկավարը նշել է, որ ինքը պատրաստ է հետապնդել պատիվը վիրավորող իրավախախտներին «նույնիսկ եթե բոլոր երկրների օրենքները խախտվեն»․ «Ես կընդունեմ այս աշխարհում ցանկացած պատիժ: Դե, կկալանավորեն, կսպանեն, կմեռնեն․․․ Ես 45 տարեկան եմ, էլ ինչ կարող եմ անել այս աշխարհում»,-ասել է նա: